Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած հայտարարության մեջ:
Իշխող խմբակցության երկու պատգամավորները առայժմ չեն պարզաբանել, թե ինչու են հրաժարվում իրենց մանդատներից։