Ադրբեջանի Ազգային ժողովը (Միլլի Մեջլիս) երրորդ ընթերցմամբ ընդունեց «Լրատվամիջոցների մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։ Փոփոխությունները դատապարտել են ինչպես տեղական իրավապաշտպան կառույցներն ու անկախ լրագրողական համայնքը, այնպես էլ արևմտյան կառույցները։
Օրինագիծը նախատեսում է լրագրողների միասնական ռեգիստրի և լրագրողական քարտի ստեղծում։ Լրագրողի կարգավիճակից կկարողանան օգտվել միայն այն լրագրողները, որոնց լրատվամիջոցները գրանցվել են իշխանությունների կողմից, ունեն լրագրողական քարտ։ Մյուսներին սպառնում է գործունեության սահմանափակում՝ հատկապես պաշտոնական աղբյուրների հետ։
Լուրջ մտավախություն է հարուցել հատկապես լրագրողների գրանցման գործընթացը, մասնավորապես այն հանգամանքը, որ իշխանությունների համար հասանելի կդառնան լրագրողների անձնական տվյալները, այդ թվում` հասցեները, բանկային հաշիվները, պայմանագրերը։ Նոր օրենքն էլ ավելի կբարդացնի արտերկրում տեղակայված լրատվամիջոցների աշխատանքը, քանի որ առանց Ադրբեջանում գրանցման այդ լրատվամիջոցների թղթակիցների գործունեությունը տեղում դառնում է անօրինական։
Ադրբեջանի օրենսդիր մարմնի կողմից ընդունված փոփոխությունների համաձայն` լրագրողները պետք է «օբյեկտիվ» ներկայացնեն փաստերը, իրադարձությունները և չօգտագործեն ոչ պաշտոնական աղբյուրները։ Օրենքը նաև արգելում է անձի ցանկացած լուսանկարի հրապարակում առանց նրա գրավոր թույլտվության։