Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հիսուսի ընտանիքը համեմատել է այսօրվա փախստականների ընտանիքների հետ:
Նա ասել է, որ Հիսուսի ընտանիքն էլ անմարդկային վերաբերմունքի հետևանքով ստիպված էր հեռանալ հայրենի վայրից:
«Այսօր պետք է աղոթենք բոլոր փախստականների և բոլոր հալածյալների համար, ովքեր տարբեր հանգամանքների զոհեր են՝ քաղաքական, պատմական կամ անձնական, պետք է մտածենք այն մարդկանց մասին, ովքեր ուզում են փախչել պատերազմից, բայց չեն կարող»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նրա խոսքով, հավատացյալներն այսօր հիշում են, թե ինչպես են Սուրբ Հովսեփն ու Աստվածամայրը՝ Հիսուսին մանկանց կոտորածից փրկելու համար նրան դուրս տանում Բեթղեհեմից:
Ըստ Մատթեոսի Ավետարանի, Փրկչին երկրպագելու եկած մոգերը չեն կատարել Հրեաստանի թագավոր Հերովդես 1 Մեծի պահանջը և չեն հայտնել Հիսուսի գտնվելու տեղը, և զայրացած թագավորը կարգադրել է սպանել մանուկներին ու այդպես վտանգից պաշտպանել իր իշխանությունը:
Սպանված մանուկներին քրիստոնեական եկեղեցին դասել է սուրբ նահատակների շարքը, կաթոլիկներն այդ օրը նշում են դեկտեմբերի 28-ին:
«Այսօր մենք Հիսուսին ենք տեսնում յուրաքանչյուր միգրանտի աչքերում»,- ասել է Ֆրանցիսկոս պապը` կոչ անելով սատարել աշխարհի փախստականներին: