Մատչելիության հղումներ

Մերձդնեստրը պատրաստ է Մոլդովայի հետ քննարկել հատուկ կարգավիճակ ստանալու հարցը


Տիրասպոլը պատրաստ է Մոլդովայի իշխանությունների հետ քննարկել Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը, այս մասին ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին նշել է անցած շաբաթավերջին Մոլդովայի նախագահ Մայս Սանդուին հղած նամակում։ Կրասնոսելսկին, մասնավորաբար, կոչ է անում. «Մինչև տարեվերջ նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկումներ սկսել հակամարտության համապարփակ կարգավորման մասին»։

Մոսկովյան «Կոմերսանտը» նկատում է, որ նախկինում Տիրասպոլի իշխանությունները մշտապես խոսում էին Մոլդովայի և Մերձդնեստրի «քաղաքակիրթ ապահարզանի» մասին։ Այժմ, սակայն, ըստ մոսկովյան պարբերականի, Մերձդնեստրի ղեկավարության հայտարարությունների տոնայնությունը փոխվել է։

Նախևառաջ, Կրասնոսելսկին առաջարկում է բանակցել Մերձդնեստրի և Մոլդովայի հարաբերությունների սերտացման մասին։ Բացի այդ, իր նամակում նա նշում է. «Ձեր ներկայացուցիչները հայտարարում են Մերձդնեստրին ինչ-որ հատուկ կարգավիճակ շնորհելու մասին։ Մենք, սակայն, լավ չենք պատկերացնում այդ կարգավիճակի չափանիշները։ Ակնհայտ է սակայն, որ քննարկումները պետք է հիմնված լինեն կենսունակ մոդելների վրա», - գրում է Վադիմ Կրասնոսելսկին։

«Կոմերսանտը» հիշեցնում է, որ մինչ այժմ «հատուկ կարգավիճակ» կոչվածը մշտապես ենթադրել է Մերձդնեստրի վերադարձ Մոլդովայի կազմ։ «Եթե Վադիմ Կրասնոսելսկին իրոք հակված է քննարկել հատուկ կարգավիճակի հարցը, ապա դա կարելի է գրեթե սենսացիա համարել», - գրում է մոսկովյան պարբերականը՝ ենթադրելով, որ ինքնահռչակ հանրապետության ղեկավարն այս առաջարկը արել է Կրեմլի հավանությունը ստանալուց հետո։

Թերթի տեղեկություններով` վերջին ամիսներին Մոսկվայի ակտիվությունը մերձդնեստրյան ուղղությամբ զգալիորեն մեծացել է։

«Մեր տեղեկություններով` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը դեռ օգոստոսին Քիշնև կատարած այցի ժամանակ կոչ էր արել մոլդավական իշխանություններ ներկայացնել այն պատկերացումները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի այս հակամարտությունը», - գրում է թերթը՝ նշելով նաև, որ ռուսաստանցի պաշտոնյան այս կոչը մի քանի անգամ ևս կրկնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդույի հետ հեռախոսազրույցների ընթացքում։

Ռուսական աղբյուրները, ի դեպ, հիշեցնում են, որ վերջին անգամ Մերձդնեստրը Մոլդովայի կազմում հատուկ կարգավիճակ ստանալու հարցը քննարկել էր, երբ այս խնդրով կրկին զբաղվում էր Դմիտրի Կոզակը՝ հեռավոր 2003 թվականին։ Ռուսաստանի նախագահի ամենամերձավոր թիմակիցներից մեկը համարվող Կոզակը դեռ 18 տարի առաջ կարգավորման մի նախագիծ էր մշակել, որը ենթադրում էր Մոլդովայի փոխակերպումն ունիտար պետությունից դաշնայինի։

Մերձդնեստրը հենց այդ պետության կազմ պետք է վերադառնար՝ որպես հատուկ իրավական կարգավիճակ ունեցող դաշնության սուբյեկտ։ 2003-ին, սակայն, Մոլդովան վերջին պահին հրաժարվեց ստորագրել այս համաձայնագիրը։ Այսօր, ինչպես և երկու տասնամյակ առաջ, Ռուսաստանի հավանությանն արժանացած կարգավորման հեռանկարները Քիշնևին առանձնապես չեն ոգևորում։

«Ես [Մերձդնեստրի ղեկավարից] որևէ նամակ չեմ ստացել», - երկուշաբթի օրը հեռարձակված հարցազրույցում հայտարարում էր Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ նշելով, որ տեսանելի ապագայում Կրանսոսլեսկու հետ հանդիպելու պլաններ չկան։ Դրա հետ մեկտեղ Սանդուն նշում է. «Մերձդնեստրի խնդրի լուծումը մի քանի ամսում մշակել հնարավոր չէ։ Մենք այդ հարցը ցանկանում ենք լուծել առաջիկա տարիների ընթացքում։ Հարցի լուծման ուղիները մշակելն, ի դեպ, այդքան դժվար չէ, ավելի դժվար է այդ հարցի շուրջ հանրային լայն համաձայնություն ձեռք բերելը»,- նշում է Մոլդովայի նախագահը։
Տիրասպոլում, մինչդեռ, վստահ են՝ Մերձնդսետրի ղեկավարի նամակը կարող է հակամարտության կարգավորման վերջին շանսը լինել։

«Այսօր ակնհայտ է, որ բանակցությունների շուրջ զարգացումները տանում են դեպի նոր ճգնաժամ։ Ենթադրում եմ, որ հանրապետության ղեկավարի նամակը հստակ ահազանգ է առ այն, որ հարկավոր է հրաժարվել հին գործելաոճից, գործելաոճ, որ մեզ բազմիցս դեպի փակուղի է տարել», - Մերձդնեստրի պետական հեռուստատեսության եթերում նշում էր տիրասպոլցի քաղաքագետ Սերգեյ Շիրոկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG