Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլային տոպրակների վաճառքը


Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլային տոպրակների վաճառքը, գնումներ կատարելիս պետք է կամ կտորից կամ թղթե տոպրակներ ունենալ։

Կենցաղում ամենաշատը կիրառվող մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքի որոշումն ընդունելիս կառավարությունը առաջնորդվել է բնապահպանական խնդիրներով, որոնք առաջացնում է պոլիէթիլենի լայն կիրառումը։ Նպատակը շրջակա միջավայրի վրա երկարաժամկետ աղետաբեր վտանգների նվազեցումն է։

Պոլիէթիլենը երկար պահպանվող նյութ է. բնության մեջ շատ երկար է մնում, դրա վերջնական քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, իսկ այրվելու դեպքում այս նյութը մարդկանց առողջությունը վնասող գազեր է արտադրում։

Թեև արգելքն ուժի մեջ կմտնի ընդամենը 4 օրից, սակայն այսօր մայրաքաղաքի առևտրի կենտրոններում շրջելիս պոլիեթիլենից արդեն հրաժարված հատուկենտ քաղաքացիների հանդիպեցինք։

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ որոշումը չի վերաբերում աղբամանների, փաթեթավորման համար նախատեսված պոլիէեթիլենին կամ վերանշակված հումքից պատրաստված տոպրակներին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում իրենց հետ կտորե կամ թղթից պարկեր ունենալ։

Առևտուր անող երևանցիներից հետաքրքրվեցինք՝ գիտե՞ն արդյոք սպասվող փոփոխության մասին. մի մասը տեղյակ էր, մյուսը՝ ոչ , սակայն բոլորն ասացին՝ խանութներում իրենց ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել, ոչ էլ կառավարությունն է իրազեկել։

«Շատ ուրախ եմ էդ առթիվ։ Վերջապես», - ասաց մի երիտասարդ կին՝ շարունակելով. - «Այդուհանդերձ, մտադրվել չէի գնումներ կատարել, բայց ուրիշ որևէ բան չի առաջարկվում խանութում»։

Տարիքով տղամարդկանից մեկն էլ հիշեց, որ խորհրդային տարիներին հենց կտորից պարկեր են օգտագործել. - «Գումի շուկայում թղթից տոպրակներով էին տանում»։

Այս որոշումը, սակայն, ոչ բոլորին է գոհացնում։ Դրսում միրգ ու բանջարեղեն վաճառող Մանվել Մուրադյանը տարակուսած է՝ ի՞նչ է անելու, եթե մի տատիկ իր հետ տոպրակ չունանա. - «Ես իրան ո՞նց եմ սպասարկելու։ Գնամ տոպրակ առնեմ բերեմ, լցնեմ տամ իրա՞ն»։

Շրջակա միջավայրի նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ պահանջին չհետևող տնտեսվարողները կտուգանվեն 30 հազար դրամով, հսկողությունը տեղական ինքնակառավարման մարմիններն են իրականացնելու։ Առայժմ, սակայն, ստուգման մեխանիզմները, շատ հստակ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG