Մատչելիության հղումներ

Վիեննայում վերսկսվել են Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները


Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան Վիեննայում ասուլիսի ժամանակ, դեկտեմբեր, 2021թ․
Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան Վիեննայում ասուլիսի ժամանակ, դեկտեմբեր, 2021թ․

Երեկ Վիեննայում Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերսկսվել են անուղղակի բանակցությունները 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ:

Պաշտոնական Թեհրանը շարունակում է պահանջել մեղմացնել պատժամիջոցները:

Բանակցությունների 7-րդ փուլը, որն առաջինն էր Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի համար, ավարտվեց տասն օր առաջ՝ աշխատանքային տեքստում Թեհրանի որոշ նոր պահանջներ ավելացնելուց հետո:

Արևմտյան տերությունները շեշտում են, որ գործընթացը չափազանց դանդաղ է առաջ գնում։

«Եթե առաջիկա օրերին և շաբաթներին քրտնաջան աշխատենք, պետք է դրական արդյունքի հասնենք։ Շատ դժվար կլինի։ Բարդ քաղաքական որոշումներ պետք է կայացվեն ինչպես Թեհրանում, այնպես էլ Վաշինգտոնում», - ասել է Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան գործարքի մնացած մասնակիցների՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և ԵՄ, հանդիպման մեկնարկին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Բոլոր պատվիրակությունները հասկանում են, որ այդ բանակցությունները պետք է ավարտվեն համեմատաբար ողջամիտ ժամկետներում։ Ես չէի ցանկանա որոշակի շրջանակ սահմանել, բայց հաշվարկը գնում է շաբաթների, ոչ թե ամիսների», - ավելացրել է Մորան:

Ըստ 2015 թվականի պայմանագրի, Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունը և մասնավորապես դադարեցներ ուրանի հարստացումը, ինչին ի պատասխան գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեին պատժամիջոցները: 2018 թվականին Միացյալ Նահանգները, նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Իրանն, իր հերթին, վերականգնել է ուրանի հարստացումը: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենն ասել է, որ անհրաժեշտ է ինչ-որ ձևաչափով վերականգնել 2015 թվականի պայմանագիրը:

XS
SM
MD
LG