Մատչելիության հղումներ

Մհեր Մկրտչյանի դերը՝ հնդկական կինոյում. ներկայացվեց «Ֆռունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմը


Մհեր Մկրտչյանի մահից 28 տարի անց նրա մասին նոր վավերագրական ֆիլմ է նկարահանվել, այս անգամ ոչ թե հայտնի արտիստի կյանքի ողբերգական դրվագների, այլ հնդկական կինոյում ունեցած դերի մասին։ Հայ-հնդկական բարեկամություն հասարակական կազմակերպության ու Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի նախաձեռնությամբ «Ֆռունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմը ներկայացվեց մեծանուն դերասանի հայրենի Գյումրիում։

Ֆիլմի սցենարի հեղինակը Շուշանիկ Սահակյանն է, ռեժիսորը` Օթար Միքելաձեն: Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլին իր անձնական արխիվից բացառիկ կադրեր է տրամադրել, նաև հնդիկ խաղընկերների հարցազրույցները Մկրտչյանի մասին:

«Մենք տեսել ենք բազմաթիվ ֆիլմեր Ֆռունզի մասին: Ի տարբերության մյուս ֆիլմերի՝ մենք նրա անձնական կյանքին չենք անդրադարձել՝ իր դժբախտ կյանքին, ընտանիքին, այդ մասին ոչ այս ֆիլմում չկա: Այս ֆիլմում մենք ցույց ենք տալիս, թե ինքը որքան մեծ դերասան է՝ միջազգային մասշտաբի՝ նա նկարահանվել է հնդկական 2 մեծ ճանաչում ունեցող ֆիլմերում», - ասաց ռեժիսորը:

80-ականներին Խորհրդային Միությունում արդեն մեծ ճանաչում ունեցող Մկրտչյանին նկատել էին նաև Բոլիվուդում։ Նա նախ նկարահանվեց խորհրդային ու հնդկական համատեղ արտադրության «Ալի Բաբան ու 40 ավազակները», հետո էլ «Սիրո լեգենդ» ֆիլմերում։ Ալի Բաբան ու 40 ավազակների էկրան բարձրանալուց հետո, ինչպես խոստովանում են ֆիլմում նկարահանված հնդկական կինոյի աստղերը, Մկրտչյանը Հնդկաստանում միանգամից մեծ ճանաչում ձեռք բերեց։

Ֆիլմի պրեմերիային ներկա Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալն Մկրտչյանին ժողովրդական դեսպան համարեց. «Պարոն Մկրտչյանի ֆիլմերն իրական կյանքի մասին էին, նրա անձնական կյանք էլ կարծես ողբերգական ֆիլմ լիներ։ Ռաջ Կապուրի ու Ֆռունզիկ Մկրտչյանի նման մարդիկ ժողովուրդների դեսպանի դեր են խաղացել և իրար են մոտեցրել երկրների սոցիալական և մշակութային կյանքերը։ Այսօր մենք տոնում ենք Ֆռունզիկ Մկրտչյանի կյանքը, որը կարևոր դեր է խաղացել մեր երկու երկրների միջև կամուրջներ կառուցելու գործում»։

Ֆիլմում հնդիկ խաղընկերներն ու նկարահանող խմբի անդամները հետաքրքիր դրվագներ են պատմում: Մկրտչյանը «Ալի Բաբան ու 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը Հնդկաստան դատարկաձեռն է գնում, մյուսների պես վաճառքի ու փոխանակման համար ոչ մի իր չի տանում՝ մտածելով, թե Հնդկաստանում ապրող հայերն իրեն կդիմավորեն: Բայց ոչ ոք չի դիմավորում, ու առանց նվերների դատարկաձեռն վերադառնալ չի ուզում: Ֆիլմի սցենարիստ Բորիս Սահակովը հիշում է՝ որոշեց անձրևանոցը վաճառել. «Երեկոյան կամաց ինձ ասում է՝ Բորյա՛, միայն անձրևանոց ունեմ, փոխանակիր ինչ-որ քարերի հետ, ամոթ է առանց նվերների վերադառնամ: Ես այդ անձրևանոցի ձեռքը կրակն էի ընկել: Ամեն դեպքում ինչ-որ մեկին գտանք»:

«Ալի Բաբան ու 40 ավազակները» ֆիմում նկարահանված հնդիկ խաղընկերներից դերասանուհի Հերմա Մալինին Ֆռունզի մասին խոսելիս ասում է, որ Մուստաֆայի դերը նրանից բացի, ուրիշ ոչ ոք այդպես չէր մարմնավորի. «Ես հիշում եմ, թե որքան հաճելի էր ֆիլմի սովետական նկարահանող խմբի հետ աշխատելը, բայց նկարահանող խմբում կար մեկը, ով տարբերվում էր բոլորից, դա Մուստաֆան էր: Ոչ ոք չէր կարող այդ դերը խաղալ այնպես, ինչպես դա արեց Ֆռունզիկը»:

Ֆիլմի մյուս գլխավոր դերասաններից Դհարմենդրա էլ այս նոր ֆիլմում հիշում է, թե ինչպես էր հայ դերասանին Բոմբեյ տարել. «Այդպիսի հանճարեղ դերասանին միշտ սիրով ու հարգանքով կհիշեն և՛ Հնդկաստանում, և՛ Ուկրաինայում, և՛ այլ երկրներում: Նա ճանչված էր ամեն ուր, բայց միևնույն ժամանակ հասարակ, ընկերասեր մարդ էր: Մենք տխրում ենք առանց քեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG