Մատչելիության հղումներ

Փարաջանովի «Տրիպտիխը» ընդգրկվել է Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում


Սերգեյ Փարաջանով
Սերգեյ Փարաջանով

Փարաջանովի կարճամետրաժ երեք ֆիլմերը՝ «Տրիպտիխը» արդեն գտնվում է Փարիզի հանրահայտ Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում։

Այս երեք ֆիլմերից մեկը՝ «Հակոբ Հովնաթանյան»-ը, առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է ֆրանսիական այս նշանավոր թանգարանի հավաքածուում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը դեռ երեք տարի առաջ ձեռնամուխ եղավ Սերգեյ Փարաջանովի 1967 թվականին նկարահանած «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմի վերականգնման, թվայնացման աշխատանքներին՝ ֆիլմերի վերականգնման բրիտանացի անվանի փորձագետ, «Հայ կինոյի դասականններ» ծրագրի համակարգող Դանիել Բըրդի հետ համագործակցությամբ։

Վերականգնվեցին նաև Փարաջանովի մյուս երկու կաճամետրաժ ֆիլմերը՝ «1966 թվականին նկարահանած «Կիևեյան որմնանկարները» և գրեթե 20 տարի անց՝ 1985 թվականին նկարահանած «Արաբանախշեր Փիրոսմանիիի թեմաներով»-ը, որոնք այսօր արդեն նույնպես տեղ են գտել թանգարանի հավաքածուում։

Ֆիլմերի վերականգնված օրինակների հանձնման հանդիսավոր արարողությանը և դրան հաջորդած այս ֆիլմերի ցուցադրությանը Պոմպիդու կենտրոնում ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչներ, կինոգործիչներ, արվեստաբաններ։

Ֆիլմերը թանգարանին են հանձնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու Դանիել Բըրդը։ Վերջինս նաև պատկերավոր շնորհանդեսի միջոցով ներկայացրել է ֆիլմերի վերականգնման ողջ գործընթացը։

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմի վերականգնման և թվայնացման գործընթացը տեղի է ունեցել 2018 թվականին Լեհաստանում, որից հետո ֆիլմը ներկայացվել է ավելի քան 20 փառատոներում. - «Ուզում եմ անպայման նշել, որ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը առաջին հայկական ֆիլմն է, որ մտավ Պոմպիդու կենտրոնի թանգարան։ Էնտեղ շատ հայկական ֆիլմեր են ցուցադրվել, բայց արդեն ֆիլմը հանձնել պահպանության իրենց թանգարանում, արխիվում՝ նման բան չի եղել»։

Միրզախանյանի խոսքով, փարաջանովյան ֆիլմերի վերականգնման, նաև թվայնացման աշխատանքները իրականացվել են բացառապես լեհական «Ֆիքսաֆիլմ» և բրիտանական «Կինոկլասիկա» կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Իսկ վերականգնված այս երեք ֆիլմերի նոր, 35 մմ ժապավենների պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Նյու Յորքի մասնաճյուղը։

Գալիք տարվա հունվարի վերջին վերականգնված փարաջանովյան ֆիլմերի մեկ օրինակ ի պահ կհանձնվի Նյու Յորքի հայտնի MoMA Ժամանակակից արվեստի թանգարանին։ Մեկական օրինակ էլ կպահվեն Ազգային կինոկենտրոնի, Ուկրաինայի «Դովժենկո» կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուներում։

«Դա անվտանգության խնդիրներ է լուծում», - ասաց Շուշանիկ Միրզախանյանը։ - «Եթե ինչ-որ մի տեղ վնասվում է ժապավենը, մենք հանգիստ ենք, որ մյուս՝ Վրաստանում կամ Ուկրաինայում ինքը լիարժեք վիճակում կա։ Եվ մենք պետք է հետագայում ամեն մեկս ստորագրենք փաստաթուղթ, որ կարող ենք իրար փոխանցել՝ եթե անհրաժեշտություն կա, և ցուցադրության իրավունք ունենք ամեն մեկս իր տարածքում։ Այսինքն՝ այս աշխատանքները, որ արվում են, դրանց մասին լուրջ հարթակներում միշտ խոսվում է։ Որ ասում եմ փառատոներ ենք տանում, ներկայացնում ենք... Շատ անգամ մեզ էլ են դիմում, խնդրում են, որ մենք Փարաջանովի ֆիլմը տանք ցուցադրության։ Եվ մեր գործընկերոջ՝ Դենիել Բըրդի օգնությամբ, ում հետ էս ամբողջ աշխատանքը անում ենք, մենք կարողացել ենք և' Պոմպիդու կենտրոնի հետ կապեր հաստատել, և' MoMA-ի։ Սա շատ մեծ նվաճում էր, և ասեմ, որ 2024 թվականին մենք պետք է նշենք արդեն Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակը։ Եվ մենք այսօրվանից սկսած բանակցություններ են տանում ամենալավագույն ֆոնդերի հետ, փորձում ենք նոր, հետաքրքիր, իր ավելի վաղ շրջանի ֆիլմեր թվայնացնել, վերականգնել։ Էդտեղ պետք է համագործակցենք մենք և' Ուկրաինայի, և' Վրաստանի հետ, ունենք էդպիսի արդեն պայմանավորվածություններ»։

Անդրադառնալով «Նռան գույնը» ֆիլմին՝ Միրզախանյանն ասաց. - «Ես ունեմ նպատակ դրա հետ կապված։ Տարվում են բանակցություններ, փորձենք ժապավեն ունենալ արդեն վերականգնված տարբերակի, որ նույնպես հանձնենք էլի Պոմպիդու կենտրոն։ Բայց դեռ բանակցային փուլում ենք։ Այս ամեն ինչի համար գումարներ են պետք, շատ կարևոր է, որ պետությունը մեծ ուշադրություն դարձնի, բավականին վատ վիճակում ենք էսօր ֆինանսապես։ Շատ սուղ է մեր մոտ կինոյի ֆինանսները։ Եվ մեծ ուշադրություն պետք է դարձնել այս ժապավեններին, մեր այս թանգարանային նմուշներին, որպեսզի մենք կարողանանք դրանք պահպանել, սերունդներին փոխանցել, այսօր հանրայնացնենք ու ներկայացնենք ամբողջ աշխարհով մեկ։ 2023 թվականին էլ «Հայկինո»-ի հարյուրամյակն է, մենք հիմա ծրագրեր ենք մշակում արդեն, գումարներ պետք է հայթայթենք, որ կարողանանք փորձել Բեկնազարով բացահայտել աշխարհին։ Կարողանանք այդ ֆիլմերը վերականգնել և թվայնացնել ու աշխարհով մեկ հանրայնացնել, ներկայացնել, ճանաչելի դարձնել։ Մեր հույսը միայն դրսի ֆոնդերն են, և ինչ որ խոսում եմ այսօր, ինչ ասում եմ, որ մենք արել ենք, ամբողջովին արվել է միայն դրսի ֆոնդերի հաշվին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG