Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել «կեղծ և սադրիչ հռետորաբանությունը»՝ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Սերգեյ Շոյգուի հայտարարություններից հետո։
Երեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարն իր գլխավորած գերատեսչության կոլեգիայի նիստում պնդել է, որ Դոնեցկի մարզում ամերիկացիները կրակային դիրքեր են տեղակայում բնակելի շենքերում և սոցիալական նշանակության օբյեկտներում ու նախապատրաստում են արմատական զինված խմբավորումներին ակտիվ ռազմական գործողությունների համար:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կեղծ, սադրիչ հռետորաբանությունը և արդյունավետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար՝ քննարկումների դրական մթնոլորտ ստեղծելով», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում ասվել է նաև, թե Ռուսաստանը պետք է շարունակի կատարելագործել և ուժեղացնել իր զինված ուժերը, քանի որ չի կարելի վստահել նույնիսկ Արևմուտքի օրինականորեն ձևակերպված անվտանգության երաշխիքներին։
Սերգեյ Շոյգուն իր զեկույցում նշել է երկրի արևմտյան սահմանների մոտ իրավիճակի սրման մի քանի օրինակ, այդ թվում հայտարարել է, որ Դոնեցկի մարզում մասնավոր ռազմական ընկերություններ են հայտնաբերվել: