Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (Щелкунчик) բալետային ներկայացման վերջին փորձերն են։ Երեք օրից՝ դեկտմեբրի 23-ին պրեմիերան է։
Նվագախումն ու բալետի կատարողներն այսօր խառն են, խոսելու շատ ժամանակ չկա, վերջին սխալները պետք է ուղղվեն, կատարելագործելուն քիչ ժամանակ է մնացել։
Չայկովսկու այս բալետը Երևանի օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում ունեցել է շատ կարճ կյանք՝ 1985-88 թվականները։ Այն ժամանակ նախաձեռնել էր Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Թերեզա Գրիգորյանը, բեմադրությունն իրականացրել էր Պերմի օպերային թատրոնի բալետմայստեր Լյուդմիլա Սախարովան։
Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը ավելի քան երեք տասնամյակ անց բեմադրվում է Հայաստանում։ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունն է հրավիրյալ բեմադրող բալետմաստերը։
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի համար սա մարտահրավեր է։
Նրա խոսքով, ամեն ինչ սկսվեց շատ արագ, նոյեմբերին, ու քչերն էին հավատում, որ հաջողության կհասնեն. - «Բոլոր ներկայացումներից առաջ, երբ որ պրեմիերա է սպասվում, բոլոր թատրոններում կա լարված վիճակ։ Հուսով եմ, որ մենք կհասցնենք ամեն ինչ անել, որպեսզի մեր հանդիսատեսը երջանիկ գնա թատրոնից»։
«Կիրթ հասարակություն ունենալու համար պետք է սկսենք երեխաներից», - վստահ է Դուրգարյանը։Իիսկ նրանց կրթելու լավագույն միջոցներից մեկը լավ ներկայացումն է. - «Այն ներկայացումը, որը նվիրվում է ընդհանրապես երեխաներին, ամենակարևորն է, որովհետև մեր երեխաներն են, և երեխաների այս տարիքում է դաստիարակվում քաղաքացի հասկացողությունը։ Նաև հույս ունեմ, որ այս ներկայացումը կօգնի, որ մեր երեխաները ավելի ուրախև ավելի երջանիկ լինեն»։
Բալետի պարողների համար սա պարզապես տոն է, որովհետև չկա մի արտիստ, որը չի երազում խաղալ Չայկովսու հեղինակավոր բալետներներում։ Մենակատարների մի մեծ խումբ է արդեն ձևավորվել։
«Ազատության» հետ զրույցում բալետի առաջատար արտիստներ Սյուզաննա Փիրումյանը, Սևակ Ավետիսյանն ու Րաֆֆի Գալստյանը վստահություն հայտնեցին, որ նախատոնական այս օրերին մարդկանց տրամադրությունը մի փոքր կբարձրացնի որակյալ արվեստը։
«Սա հիմա արդեն ցնցեց Հայաստանը, հիմա արդեն անհնար է, որ մարդիկ չիմանան, որ կա բալետ, կա լավ բալետ, և պետք է անպայման շատ հաճախեն և իրենց բալիկներին էլ բերեն, իրենք էլ գան հաճույք ստանան», - ասաց Սյուզաննա Փիրումյանը»։
Վեց ներկայացումների տոմսերը վաճառվել են ժամերի ընթացքում։ Սա հայկական բալետի համար չտենված բան է, ոգևորված արտիսները այսպիսի շռնդալից հաջողություն չէին սպասում։
Սիրո հաղթանակը չար ուժերի նկատմամբ։ Կոմպոզիտոր Չայկովսկու ու հեքիաթագիր Հոֆմանի ստեղծագործությունը հենց այս պայքարի մասին է։