Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունենում Վաշինգտոնում։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ հանդիպմանը Գրիգորյանը քննարկել է տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ հանդիպման օրակարգում էին երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ ԱՄՆ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) ամերիկյան վերլուծական կենտրոնն է հանդիպում կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Մի շարք հարցերի թվում քննարկվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։