«Թուրան» գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցի ընդդիմադիր Սալեհ Ռուստամովը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին գործակալությանը փոխանցել է բժիշկ Ադիլ Գեյբուլան, որն այսօր բանտում այցելել է Ռուստամովին։
«Հաշվի առնելով հարազատների, մերձավորների և հասարակության բազմաթիվ կոչերը Ռուստամովը դադարեցրել է հացադուլը», - հայտարարել է Գեյբուլան՝ նաև հերքելով սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունները այն մասին, որ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ակտիվիստը կոմայի մեջ է։
«Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ, Գեդաբեկի շրջանի նախկին ղեկավար Սալեհ Ռուստամովը հացադուլի մեջ էր ավելի քան 40 օր։ Նա պահանջում էր չեղարկել 2018-ին կայացված դատավճիռը, որով ինքը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման և ընդդիմադիր կուսակցությունների անօրինական ֆինանսավորման մեղադրանքով։