Վաղը՝ դեկտեմբերի 15-ին, Մեծամոր արգելոց-թանգարանում տեղի կունենա «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են պատմաբան-հնագետներ Լեհաստանից, Ավստրիայից, Վրաստանից Ռուսաստանից և Ղազախստանից։
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի գիտնական քարտուղար, հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ 2017 թվականին տեղի ունեցած նմանօրինակ առաջին գիտաժողովից հետո մտադիր էին որոշակի պարբերականությամբ միջազգային գիտաժողովներ հրավիրել, սակայն նախ արցախյան պատերազմը, հետո էլ համավարակը ստիպեցին հետաձգել գիտաժողովը։
«Բայց որոշեցինք այս տարի ամեն կերպ անել դա՝ նաև ի շնորհիվ մեր նոր տնօրենի՝ Արմեն Հովհաննիսյանի, որը ընդառաջեց և համակողմանիորեն օգնեց, որ այս միջոցառումն իրականանա», - ասաց նա։
Անդրադառնալով գիտաժողովում քննարկվելիք հարցերին՝ Փիլիպոսյանը նշեց. - «Մեծամորը բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի հնաշալի հնավայր է, բնակատեղի և դամբարանադաշտ։ Եվ այնքան կարևոր, որ բրոնզի, վաղ երկաթի ժամանակաշրջանի ամբողջ մշակույթը Լճաշեն-մեծամորյան է կոչվում, այսինքն՝ այն բոլոր գտածոները, մշակութային հետաքրքիր ուսումնասիրությունները, պեղումները, որոնք վերաբերում են այս ժամանակահատվածին, մեր Մեծամորյան ընթերցումներում կարող են ներկայանալի լինել։ Իհարկե, զեկուցումների մեծագույն մասը նվիրված է հատկապես 2017-2021 թվականների մեծամորյան պեղումներին, հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի աշխատանքներին։ Բայց դրանից բացի, նաև առանձին իրերի, արտեֆակտների, համաժամանակյա այլ նյութերի մասին մենք ունենք հավելյալ զեկուցումներ, որը շատ ավելի ընդհանրական և ավելի ամբողջական կդարձնի գիտաժողովը»։
Հայ-լեհական հնագիտական արշավախումբը, որի համաղեկավարներից մեկն է Աշոտ Փիլիպոսյանը, իր գործունեությունը սկսել է 2013 թվականից և բավական արդյունավետ գործունեություն է իրականացրել այս տարիների ընթացքում։ Արշավախմբի գործունեության մասին ամեն տարի որոշակի տեղեկություններ են հրատարակվում թե' Հայաստանում, թե' լեհական, թե' միջազգային հեղինակավոր մասնագիտական ամսագրերում։
«2018 թվականին ավարտվեց առաջին պայմանագիրը, և լեհական կողմի առաջարկով և մեր սիրով համաձայնությամբ այդ պայմանագիրը երկարաձգվեց ևս հինգ տարով՝ մինչև 2023 թվականը։ Հույս ունեմ, որ 2023 թվականին մենք նորից հինգ տարով այն կերկարաձգենք, որովհետև շատ արդյունավետ աշխատում ենք մեր լեհ գործընկերների հետ, իրար աջակցում ենք, բավականին շատ տեխնիկայի միջոցով օժանդակում են մեզ, տեխնիկական անալիզների և այլնի։ Մենք էլ մեր կողմից՝ նյութի իմացությունը, ժամանակաշրջանի թվագրումը, մշակութային իրողությունների վերհանումը, փորձում են տալ մեր գործընկերներին։ Համատեղ աշխատանքը շատ լավ արդյունք է տալիս»։
Նա ասաց նաև, որ գիտաժողովի շրջանակներում լինելու ոսկե առարկաների բացառիկ նմուշների ցուցադրություն. - «Ցուցահանդեսի վերաբացումն է, նոր ցուցադրության բացումն է, որտեղ ներկայացված են 1980-ականներից մինչև 2021 թվականը պեղումների ընթացքում բացված ոսկե առարկաների, կամ արժեքավոր առարկաների ընտրանին։ Հետաքրքիր նյութեր են, և կարծում եմ, դա այցելուների և գիտաժողովի մասնակիցների համար շատ հետաքրքիր նվեր կլինի։ Ցուցադրությունը գտնվում է Մեծամորի թանգարանի նկուղային ֆոնդում, ստորգետնյա սրահում, և ցանկացած մարդ կարող է այցելել և նայել այդ ցուցադրությունը»։
«Այս համավարակի և համատարած ծանր հոգեբանական իրավիճակում նման գիտական աշխատանքները, նման փոխայցերը, նման քննարկումները, համատեղ հավաքվելը և մեկնաբանությունները նաև ուժ են տալիս, ստիմուլ են տալիս աշխատանքները վերստին ավելի արդյունավետ շարունակելու։ Ես գտնում եմ, որ բոլորիս համար շատ կարևոր է կենդանի շփումը, հարցուպատասխանը, զրույցները, որի արդյունքում մյուս տարի, համոզված եմ, աշխատանքները շատ ավելի արդյունավետ և շատ ավելի նպատակային կլինեն»։
Աշոտ Փիլիպոսյանը հույս ունի, որ իրենց կհաջողվի «Մեծամորյան ընթերցումներ» խորագրով հաջորդ, առավել ծավալուն գիտաժողով իրականացնել 2023 թվականին։