Մատչելիության հղումներ

Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ


Պորտուգալիան Հայաստանին կտրամադրի 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ, հայտարարել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեն։

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Հայաստանը Եվրամիության անդամ երկրից աջակցություն է ստանում Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում։

«Սա նաև շատ կարևոր ուղերձ է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին», - հայտարարել է Վարհեն՝ խոստանալով առաքումը «շատ արագ» իրականացնել։

Նախօրեին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ պատվաստանյութեր ձեռքբերելու նպատակով դաշինքը 35 միլիոն եվրո կհատկացնի «Արևելյան գործընկերության» անդամ երկրներին։

Սկզբնական՝ 40 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթը գործադրվել է այս տարվա փետրվարից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ:

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

XS
SM
MD
LG