Մատչելիության հղումներ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն այս տարի կրում է «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը


Այս տարեսկզբին՝ հունվարի 15-ին կայացած համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց հիմնադրման 15-ամյա հոբելյանը, որին հաջորդեցին բազմաթիվ այլ համերգներ, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթը և միջազգային մի շարք փառատոներ, որոնք նվագախումբը իրականացրեց ի հեճուկս ողջ աշխարհի առջև արդեն երկրորդ տարին ծառացած համավարակային խնդիրների։

Եվ ահա ևս մեկ միջազգային երաժշտական փառատոնով էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եզրափակում է 2021 թվականը։ Վաղը՝ դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու համերգով տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը։ Համերգի ընթացքում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի 1-ին և 2-րդ դաշնամուրային կոնցերտները, նաև Շոստակովիչի թիվ 12 սիմֆոնիան։

Դեկտեմբերի 14-20 անցկացվելիք խաչատրյանական 9-րդ միջազգային փառատոնը կրում է «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը և փառատոնային 4 համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագումբը կներկայացնի 20-րդ դարի այդ խոշորագույն այս կոմպոզիտորներից յուրաքանչյուրի ստեղծագործությունները։

Փառատոնը կեզրափակվի ,,Սիմֆոնիկ ջազ,, խորագրով համերգով, որի ընթացքում կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային կատարումները՝ Վահագն Հայրապետյանի գործիքավորմամբ և մենակատարմամբ։

Փառատոնի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան նաև դաշնակահար Վալենտինա Լիսիցան և ջութակահար Նիկիտա Բորիսոգլեբսկին։

«Իսկապես մեծ փառատոն է սպասվում՝ Խաչատրյանի անվան իններորդ փառատոնը, մեծ սպասելիքներ ունենք բոլոր համերգներից, բայց փառատոնից՝ ավելի քան։ Նման արտիստներ սեղմ ժամկետում, ամեն օր տարբեր ծրագրեր։ Ոգևորված եմ շատ, որ նաև կարողացել ենք կյանքի կոչել Խաչատրյանի գաղափարը և ցանկությունը, որ իր ընկերների երաժշտությունը նույնպես Հայաստանում լինի հայտնի։ Չենք ասում, որ հայտնի չի Շոստակովիչը կամ Պրոկոֆևը, բայց Խաչատրյանի անվան շուրջ միավորված երեք ընկերոջ գաղափարը կարևորում եմ, քանի եր երաժշտությունը և արվեստը կարող է միավորել, և նման փառատոնը դրա վառ օրինակն է։ Ունենք շատ բարդ ծրագրեր, լավ ծրագրեր։ Կարևոր է, որ մենք ունենք այն փառատոնը Հայաստանում, որը կրում է մեր ամենահայտնի հայի անունը, որով կարող ենք հպարտ լինել, փառատոնը, որը չէր կարող չլինել երևի։ Ունենք շատ լավ փառատոնր Հայաստանում, իսկապես բոլոր փառատոները շատ եմ գնահատում, բոլորի գործը անհավանական կարևոր է, բայց Խաչատրյանի անվան փառատոնը Հայաստանում չէր կարող չլինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Վաղը մեկնարկող Խաչատրյանի անվան իններորդ փառատոնը գաղափարը, ըստ Սմբատյանի այն է, որ փառատոնը միավորում է Խաչատրյանին, Պրոկոֆևին ու Շոստակովիչին, երեք ընկերների, որոնք միասին ստեղծագործել են նույն ժամանակահատվածում, նույն երկրում, նույն քաղաքում, նույն կոնսերվատորիայում դասավանդել են, բայց գրել են գաղափարորեն տարբեր մոլորակների մասին իրենց երաժշտությունը։ Եվ իրենց ասելիքը, խոսքը, արժեքը տարբեր է։ Դա հենց արվեստի ուժն է»։

Հավելենք նաև, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է կացվում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG