Մատչելիության հղումներ

Սալեհ Ռուստամովն այսօրվանից անցավ չոր հացադուլի՝ «տանջանքներին վերջ տալու համար»


Սալեհ Ռուստամովը, արխիվ
Սալեհ Ռուստամովը, արխիվ

Ադրբեջանցի ակտիվիստ Սալեհ Ռուստամովն այսօր անցել է չոր հացադուլի։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը, ով այցել է մեկուսարանի հիվանդանոցում գտնվող Ռուստամովին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Ռուստամովի հետ 3-4 րոպե է շփվել․ «Սալեհն ինձ ասաց, որ այլևս չի կարողանում տանել ցավերը ու տանջանքներին վերջ տալու համար անցնում է չոր հացադուլի»։

Նա արդեն 38 օր հացադուլի մեջ է, իսկ չոր հացադուլը նշանակում է հրաժարվել նաև ջրից։

Փաստաբան ասել է, որ չոր հացադուլի հետևանքով Ռուստամովը կարող է կոմայի մեջ ընկնել․ «Ես նրան շատ խնդրեցի ջրից չհրաժարվել, բայց նա ասաց՝ որոշումը հաստատ է, ու չոր հացադուլ սկսեց»,- ասել է փաստաբանը։

ԱՄՆ-ը, եվրոպական կառույցները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել ընդդիմադիր գործչին

Անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգները, Եվրոպական կառույցները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Սալեհ Ռուստամովին: Նույն պահանջով Բաքվում փորձել են ցույց անել, բայց իշխանությունները անդրդվելի են, իսկ Ռուստամովի առողջական վիճակը օրեցօր վատթարանում է։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը դեկտեմբերի 11-ին Թվիթերում գրել է․ «Սալեհ Ռուստամովի առողջական վիճակի վատթարացման լուրերը մեզ խորապես մտահոգում են։ Անհրաժեշտ է, որ մարդասիրական կարիքներից ելնելով Ադրբեջանի իշխանություններն ազատ արձակեն Ռուստամովին, որ նա համարժեք բժշկական օգնություն ստանալու հնարավորություն ունենա։ Ռուստամովը հացադուլի մեջ է արդեն 35 օր և մահամերձ վիճակում է», - նշել էր Փրայսը անցած շաբաթ օրը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրացի պատգամավոր Ստեֆան Շենախն ու բրիտանացի Ռիչարդ Բեկոնը նույն օրը հայտարարություն էին տարածել, ուր նշված է․ «Ռուստամովի գործը բազմաթիվ օրինակներից մեկն է, որ ապացուցում է Ադրբեջանում անկախ արդարադատության բացակայությունը»։

Նրանք նշել են, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները հաստատում են Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա համակարգային խնդիրները։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները, իրավապահները, անկախ լրագրողները նախկինի պես շարունակվում են ենթարկվել հետապնդումների, իսկ բանտերում կառավարությանը քննադատողներին խոշտանգելու և այլ դաժան վերաբերմունքի մասին հաղորդագրությունները վկայում են, որ նման պրակտիկան լայնորեն տարածված է մնում։

Ադրբեջանի հարցով համազեկուցողները, հիմք ընդունելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով 2020-ին ընդունված զեկույցը, պաշտոնական Բաքվին կոչ են արել վերանայել բոլոր ենթադրյալ քաղբանտարկյալների գործերը, միաժամանակ հատուկ ընդգծելով մինչ Սալեհ Ռուստամովի գործի անկախ ու արդարացի վերանայումը, մարդասիրական նկատառումներից ելնելով նրան անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

Ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, Բաքու, 11-ը դեկտեմբերի, 2021թ.
Ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, Բաքու, 11-ը դեկտեմբերի, 2021թ.

Շաբաթ օրը Ազգային ճակատի մի խումբ ակտիվիստներ Բաքվում փորձել են ցույց անցկացնել Սալեհ Ռուստամովին ազատ արձակելու պահանջով։ Բայց հենց նրանք բացականչել են «ազատություն Սալեհ բեկին», ոստիկանությունը սկսել է ցուցարարներին բերան ենթարկել։ Բերման ենթարկված ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստներին ոստիկանությունը Բաքվի տարբեր ծայրամասերում երեկոյան ժամերին ազատ էր արձակել։

Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամ Սալեհ Ռուստամովը ձերբակալվել է 2018-ի մայիսին և 7 տարի 3 ամսվա ազատազրկման է դատապարտվել կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու հոդվածով։ Նա մեղադրանքը շինծու է համարում ու անցած նոյեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել։ Իրավապաշտպան կառույցները նրան քաղբանտարկյալ են համարում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, որ նա ղարաբաղյան առաջին պատերազմի վետերաններից է, 90-ականների սկզբին Կեդաբեկի շրջանի ղեկավարն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG