Մատչելիության հղումներ

30 տարի Ռուսաստանում ապրելուց հետո չկալովցի ամուսինները վերադարձել են հայրենի գյուղ


Լոռու մարզի Չկալով գյուղում են ապրում ամուսիններ Վոլոդյա Մխիթարյանն ու Սուսան Ղուլյանցը։ 30 տարի տնից հեռու՝ Ռուսաստանում ապրելուց հետո վերադարձել են հայրենի գյուղ։ Համարել են, որ օտարությունը տարեց մարդու տեղ չէ։ Ռուսաստանում 30 տարի իրենց օտար են զգացել։

«Ոչ մեկը չի կարա պարծենա, որ դրսում լավ ա ապրում, ինքը օլիգարխ ա, մեծ հարստություններ ունի, միշտ էլ գնացողի գլխին ղեկավար կա, նայող կա, պահանջող կա, ինքը լիարժեք չի կարա քաղաքացի զգա ուրիշ պետության մեջ, մանավանդ Ռուսաստանի պես պետության: Ընդամենը իրանց համար ենք աշխատել էլի մեր փողով, կոպեկներով նույնիսկ կարող ա նենց տեղեր եղել ա», - ասաց Մխիթարյանը:

Ռուս հասարակության մեջ կայացած որդիներին իրենց ընտանիքներով թողել են այնտեղ ու իրենք նոր տուն-տեղ են դնում Չկալովում։ Այգի են դրել, որ անգամ վաղ ձմռանը դեռ կանաչին է տալիս։ Հաջորդ տարի լիարժեք հատապտուղ կուտեն։

«Օդը մաքուր ա, լավն ա, ջուրը կա, դե առանց ջրի շատ դժվար ա, ջուր որ չլինի, էս երկու թուփն էլ չեմ կարա աճացնեմ», - նշեց նա:

Հիշում են՝ 90-ականներին Ռուսաստան մեկնելիս հետ նայելու առիթ, անգամ ժամանակ չեն ունեցել, երեխաների սոցիալական խնդիրները լուծել էր պետք։ «Էն նշանիս կոլցոն էլ ծախել եմ, երեխաներս սոված, գործ չկար, մի բան չկար, առևտուր ենք արել, որ երեխաներին կերակրենք, անտառտնտեսություն ենք գնացել, ծառ ենք տնկել, մոշ ա, մալինա ա, բերել ենք, ծախել ենք ալյուր առել, հաց առել, որ մեր երեխաների սովից փրկենք», - պատմեց Սուսան Ղուլյանցը:

Բայց մեծ քաղաքի հոսքին դիմանալն էլ դժվար էր: Ամուսիններն ասում են՝ անգամ Ռուսաստանի քաղաքացի չեն դարձել, որ հետդարձի ճամփեքը չփակեն։

«Մետրոյից իջնում էինք, որ ասենք մարդ ես, կարող ա մի բան մոռացել ես, ուզում ես հետ գնաս, չես կարա, գետի հոսանքի նման գնում ա ժողովուրդը, ասում էի՝ երբ ենք գնալու մեր հայրենիքը, գնանք գյուղում ականջները դինջ մեզ համար», - ասաց Վոլոդյա Մխիթարյանը:

Իշխանություններից նեղացած են հեռացել Հայաստանից։ Թվարկում են բոլոր ղեկավարներին ու նշում, թե որևէ մեկի հետ հույս չեն կապել։ Հեղափոխությունն իրենց հայրենիք վերադառնալու մտքերը հաստատուն էր դարձրել։ Շեշտում են՝ լուրեր ունեն, թե իրենց գյուղ տանող ճանապարհը, որ 60-ականներից ասֆալտի երես չէր տեսել, հիմա վերանորոգելու են։ Բայց երկրում ստեղծված վիճակն էլի իրենց սրտով չէ։ Որդիներից մեկը ևս իր ընտանիքով հաստատվել է Չկալովում։ Ամուսինները վստահ ասում են՝ բոլոր ջահելները մի օր հեռուներից կգան ու իրենց հայրենիքը կշենացնեն։

«Հիմա, որ խոսք ա լինում, սիրտներս ուզում ա, կարոտ զգում ենք, ուզում ենք ստեղ լինեն, մեկ-մեկ, որ խոսք ա լինում, ասում եմ՝ ուր եք մնում, վեր կացեք եկեք, ասում ա՝ այ պապ, գանք ի՞նչ անենք», - ասաց նա:

«Բայց ինչքան ուզում ա Ռուսաստանը կայուն մնա, հայը պիտի Հայաստանում մնա», - հավելեց կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG