Մատչելիության հղումներ

Գոռ Մարգարյանի բեմադրությունն արժանացել է երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումի մրցանակին


Գոռ Մարգարյանն ու Սոնա Մելոյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Գոռ Մարգարյանն ու Սոնա Մելոյանը լրագրողների հետ հանդիպմանը։

ԱՊՀ երկրների, Վրաստանի և Բալթյան երկրների երիտասարդ թատերական գործիչների ֆորումն այս տարի տեղի է ունեցել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, որտեղից Հայաստանի երիտասարդական թատերական գործիչները վերադարձել են մրցանակով՝ ներկայացնելով մայրաքաղաքի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրած լեհ երիտասարդ թատերագիր Էլժեբեթ Հովանեցի «Գարդենիա» խորագրով պիեսը՝ Գոռ Մարգարյանի բեմադրությամբ։

Ներկայացումը չափազանց լավ է ընդունվել և արժանացել է ֆորումի շրջանակներում տեղի ունեցող մրցույթի 3-րդ մրցանակին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանն ընդգծում էր, որ այս ֆորումը արդեն 4-րդ տարին է կազմակերպում Մոսկվայի թատերական գործիչների կոնֆեդերացիան. - «Գլխավոր խնդիրը, որը դրված է՝ որպեսզի երիտասարդ թատերական գործիչները այն տարիներից եկած շփումները, տրադիցիաները, կոնտակտները հնարավորինս պահպանեն։ Եվ իրոք շատ մեծ ֆորմատի իրադարաձություն է, որտեղ ընդգրկված են դրամատուրգները, թատերագետները, թատերական նկարիչները։ Սեմինարներ են անցկացվում, լույս են տեսնում անտոլոգիաներ, ալբոմներ և այլն։ Նաև գոյություն ունեն ռեժիսորական մրցաթային ցուցադրումներ։ Պետք է մեծ հպարտությամբ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի չեմպիոնն է էս ֆորումի, որովհետև չորս անգամ մենք մասնակցել ենք և չորս անգամ մրցանակով ենք վերադարձել»։----

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Հարությունյանի համոզմամբ, անչափ կարևոր է մեր երիտասարդ թատերական գործիչների մասնակցությունը նման թատերական ֆորումներին, ինչը մշտապես աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարության կողմից. - «Բայց այս անգամ ամբողջ աջակցությունը, ես նկատի ունեմ ավիատոմսերը դեպի շատ հեռու երկիր՝ Ուկբեկստան, մեր մշակույթի նախարարությունը վերցրեց իր վրա։ Դա փաստում է այն մասին, թե ինչ կարևոր և լուրջ դերակատարում ունի այդ մրցույթ-փառատոնը թե' Հայաստանի համար, թե' ամբողջ այդ երկրների համար։ Հաշվի առնելով այդ լրջությունը, այդ կարևորությունը, մանավանդ հիմա, ես կարծում եմ, Հայաստանի համար դա անհրաժեշտ է՝ մասնակցել տարբեր-տարբեր ֆորումների, փառատոների, միջազգային մեր ռեյտինգը է'լ ավելի բարձրացնել, միջազգային տարածքներում և փառատոներում ցուցադրել և ցույց տալ, թե ինչպիսին ենք մենք, ինչպիսին է հայը, ինչպիսին է մեր թատրոնը»։

Ֆորումի մրցութային ծրագրում ներկայացված և մրցանակի արժանացած «Գարդենիա» բեմադրության հեղինակ Գոռ Մարգարյանն ասաց. - «Իրոք ներկայացումը բավականին բուռն ընդունվեց։ Հանդիսասրահ ընկնելը բավականին մեծ դժվարություն էր, և ներկայացումը մարդիկ նայել են մեկ ոտքի վրա կանգնած։ Ուղղակի անշլագ էր»։

Թատերական գործիչների միության քարտուզար Սոնա Մելոյանի համոզմամբ, այսօր արդեն վստահությամբ կարելի է ասել, որ մեր նոր թատերական սերունդը ասելիք ունի ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ասպարեզում. - «Թատերական գործիչների այս սերնդի շնորհիվ Հայաստանը դրսում սկսեցին այլ կերպ ընկալել։ Առաջ միշտ կար տպավորություն, որ այս ռեգիոնի թատերական երկիրը Վրաստանն է, և վերջ։ Հիմա բոլոր ռեյտինգներով ասում են՝ հայերը հաստատ լավ բան կբերեն, և դեռ ստացվում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG