Մատչելիության հղումներ

Ցուցարարները երեկ սպառնացել են փակել վիրավոր զինվորին Երևան տեղափոխող մեքենայի ճանապարհը, բուժօգնությունն ուշացել է. ՊՆ


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը։

Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք իմանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է սահմանին փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինծառայողին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են այդ մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։

«Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից», - շեշտում է Պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով , իինչպես արդեն հաղորդվել է, հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG