Մատչելիության հղումներ

Արցախում էլեկտրականությունը պարբերաբար անջատվում է, բջջային կապն ու համացանցն էլ խափանումներով գործում


Պատերազմից մեկ տարի անց Արցախում էլեկտրականությունը պարբերաբար անջատվում է, բջջային կապն ու համացանցն էլ խափանումներով գործում, անգամ մայրաքաղաք Ստեփանակերտում։

Պատերազմից մեկ տարի անց Արցախում էլեկտրականությունը պարբերաբար անջատվում է, բջջային կապն ու համացանցն էլ խափանումներով գործում, անգամ մայրաքաղաք Ստեփանակերտում։

«Ես գյուղում, այսպես ասած, կտրված եմ լինում իրականությունից, և ոչնչից տեղյակ չեմ լինում։ Եղած կապը շատ անորակ է լինում, էլ չեմ խոսում համացանցի մասին, որովհետև համացանցը շատ թույլ է, և մենք չենք կարողանում գոնե երեսուն վայրկյանանոց վիդեո նայել։ Նույն պատկերն է նաև Ստեփանակերտում, բայց համեմամատ գյուղի հետ փոքր ինչ լավ է», - ասում է Մարտունու շրջանի Սոս գյուղից Ստեփանակերտ տեղափոխված Արցախի պետական համալսարանի ուսանող Աննա Ահարոնյանը։

Նա ժամանակ առ ժամանակ էլեկտրականության բացակայության կամ թույլ կապի, խափանումների պատճառով հաճախ հեռավար դասերից է դուրս մնում։ Արցախում համավարակի սահմանափակումներ են, դասերը հեռավար են։

«Կապն այնքան վատն է, որ մենք հնարավորություն չենք ունենում միանալ դասին, կամ կեսից դուրս ենք գալիս, կամ որպեսզի չնյարդայնանք, չենք էլ մտնում», - ասում է Աննան։

Արցախում էլեկտրականություն արտադրող ՀԷԿ-երի ու բջջային կապի կայանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, շեշտակի նվազել է էլեկտրաէներգիայի հզորությունը։

Հայկ Խանումյան
Հայկ Խանումյան

«Մեր 210 մեգավատտ հզորություններից մնացել է 80 մեգավատտը, որի արտադրանքը բավարար չէ Արցախում էլեկտրաէներգիայի սպառման համար, և այսօր մենք էլ ներմուծող երկիր ենք փաստորեն», - ասում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էր օրերս գրել՝ շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով, ըստ նրա՝ ադրբեջանական կողմի խլացման պատճառով։ Խնդրի մասին մարդու իրավուքների գրասենյակը դեռ օգոստոսին է ահազանգեր ստացել։

Ստեփանյանի խոսքով, հարցը Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանն է ներկայացվել. - «Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»։

Կապի խափանումը կրկին առաջացել է նոյեմբերից՝ Իլհամ Ալիևի Շուշի կատարած այցից հետո։

Արցախում գրեթե քաղաք ու գյուղ չկա, որ էլեկտրականության ու կապի խնդիր չունենա։ Բջջային կապի խափանումների պատճառով մարդիկ անգամ որոշ դեպքերում շտապօգնություն չեն կարողանում զանգել։

Բջջային կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմից» դեռ չեն արձագանքում մեր հարցմանը։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ասում է՝ հարցի լուծումը տեխնիկական վերազինումից բացի, նաև ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումն է ռուսական կողմի միջոցով։ Որոշակի շրջան, ըստ Խանումյանի, նման պայմանավորվածություն է գործել. - «Դա էն նույն տրամաբանության մեջ ա, երբ որ սահմանամերձ շրջանում հող ա մշակում գյուղացին, և պայմանավորվում են, որ վիճակ ստեղծվի, որ հնարավորություն կտա, ենթադրենք, գյուղացուն իր դաշտում աշխատել։ Նույն ձևի հատիկ-հատիկ բոլոր բաների վրա պետք է պայմանավորվել։ Պայմանավորվածությունները սովորաբար տեղի են ունենում ռուս խաղաղապահների միջոցով։ Հարգում են, չեն հարգում պայմանավորվածությունները, դա արդեն խնդրի մի կողմն ա»։

Խանումյանն ասում է՝ հույս ունեն, որ հաջորդ ձմռանն Արցախում արդեն իրավիճակը նախապատերազմականին մոտ կլինի՝ էլեկտրականության անջատումներ այլևս չեն լինի. - «Այս ձմեռն էլ շատ խնդիրների առջև չենք կանգնելու, միան փոքր վթարների պատճառով կարող են որոշ անջատումներ լինեն, բայց հույս ունենք, որ մյուս ձմեռ արդեն նախապատերազմական վիճակին կվերադառնանք»։

Արցախը 2018-ից էլեկտրականություն մատակարարողից արտահանող էր դարձել։ Պատերազմի հետևանքերը լուծելու համար տարբեր ծրագրեր կան՝ ՀԷԿ-երի կառուցմից սկսած մինչև այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծում, ասում է Խանումյանը։

Հիմա էլեկտրականության բացը Արցախում Հայաստանից մատակարարվող հոսանքով է լրացվում։ Պատերազմի հետևանքով Արցախում նաև խմելու ջրի խնդիր կա։ Հատկապես ամռանն օրինակ Ստեփանակերտի մի հատվածներում օրերով ջուր չէր լինում, քաղաքացիներին ջուրը մեքենաներով էին հասցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG