Մատչելիության հղումներ

«Մաթեմիկի» սաները գիտեն՝ միայն կրթվելով կարող են Հայաստանն առաջ տանել


Մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Առուշանյանի Վանաձորում հիմնադրած «Մաթեմիկ» 40-օրյա ամառային դպրոցն ունեցավ նաև աշնանային փուլ։ Հովանավորների ներդրումների հաշվին երեք ամիս գործած դպրոցի փակումն էր այսօր։

Մարզի 10 գյուղերի 50 երեխաներ 3-ամսյա կրթության ընթացքում ծրագրավորման հմտություններ, անգլերեն ու մաթեմատիկա են սովորել, խոսել են մարդկային արժեքների մասին ու եկել եզրակացության՝ միայն կրթվելով կարող են Հայաստանն առաջ տանել։

«Դասարաններ կան, որ լավ սովորողները շատ քիչ են՝ 1 կամ 2 հոգի ու դա շատ վատ է, որովհետև պետք է մեր ազգը լիովին կրթված լինի, որպեսզի կարողանանք մեծ նվաճումներ ունենալ, տարբեր տեղերում հաղթենք», - ասաց երեխաներից մեկը:

Այսօր երեխաները ներկայացրին աշխատավարձ ու եկամուտներ հաշվելու համար ստեղծած իրենց ծրագրերը։ «Մաթեմիկի» հիմնադիր Տիգրան Առուշանյանն ասում է՝ ամեն ինչ անելու է կրթական այս աննախադեպ ծրագիրը շարունակական դարձնելու համար։ Մտադիր են ամռանը գյուղերի մաթեմատիկա սիրող և այս ոլորտում հմուտ դպրոցականների համար ամառային ճամբար կազմակերպել։ Համոզված է՝ կհաջողեն։

«Մենք փնտրել և գտել ենք այնպիսի երեխաներ, ովքեր սիգնալ են տալիս, որ իրենք կարող են լավ մաթեմատիկոսներ դառնալ կամ մաթեմատիկայից լավ առաջ գնալ, և արդեն այս երեխաների հետ սկսում ենք խորացված ուսումնասիրել մաթեմատիկան», - ասաց Առուշանյանը:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս ընդունեցին դպրոցներում, նա պատասխանեց. «Գրկաբաց, որովհետև դպրոցները բոլորն էլ անհանգստացած են իրենց երեխաների ապագայով և կարծում եմ՝ կողքից ինչքան էլ լինեն այսպիսի լավ ծրագրեր, յուրաքանչյուր սրտացավ տնօրեն և կոլեկտիվ պետք է համաձայն լինի միայն»:

Ամրակից գյուղի բնակիչ Րաֆֆին 13 տարեկանում «Մաթեմիկի» շնորհիվ արդեն սովորել է զարգացման ծրագրեր գրել։ Ասում է՝ գյուղում կքննարկեն երեխաների համար ամենակարևոր խնդիրներն ու կմասնակցեն մրցույթի։ Շահեն՝ իրենց փոքրիկ ներդրումով կնպաստեն համայնքի զարգացմանը։ Առանց այն էլ մեծ խնդիրներ ունեցող փոքր գյուղի հոգսերը կթեթևացնեն։ Դեռ պատանի տարիքից համայնքի լիարժեք անդամ են դառնում, ասում է նա։

«Կոնկրետ ես մասնակցում եմ ծրագրի, որով գրանտ ենք շահելու ու մեր գյուղը զարգացնենք: Ընդհանուր 10 գյուղ է, պետք է հաղթի 5-ը ու այդ 5 գյուղը ստանա գրանտ: Հիմա շատ բաներ կա, որ մեր գյուղում պետք է անենք, ամենակարևորը ինձ թվում է, որ դպրոցներում բացենք սպրոտզալեր, դպրոցի հայաթը սիրունացնենք», - ասաց Րաֆֆին:

16-ամյա Նաիրա Նավասարդյանը Գյուլագարակի բնակիչ է։ Նա էլ անընդհատ կրթվելու մեծ ցանկություն ունի։ Բայց ասում է՝ դրա համար գյուղի հնարավորությունները սահմանափակ են, ստիպված կլինի դպրոցն ավարտելուց հետո հեռանալ գյուղից. - «Ապրելու համար չեմ գա, բայց գյուղը բարելավելու համար՝ անպայման»:

Ռուզաննա Խաչատրյանը «Մաթեմտիկ» ծրագրի միակ արցախցի մասնակիցն էր։ Պատերազմից հետո ադրբեջանցիներին անցած Քաշաթաղից տեղափոխվել են Վանաձոր։ Հարցին, թե ի՞նչ են թողել այնտեղ, 14-ամյա աղջնակը պատասխանում է՝ տունս, դպրոցս, հայրենիքս ու մի կերպ զսպում արցունքները։ Հետո շարունակում, թե՝ մի կարևոր բան կարողացել է բերել իր հետ՝ ընտանեկան ալբոմները, որ ամփոփում են ծննդավայրի ամենաքաղցր հիշողությունները։

«Հիմա այն դարաշրջանն է, որ մենք պետք է ոչ թե ուժով հաղթենք, այլ մեր խելքով ու դրա համար ենք մենք հիմա հավաքվել ու սովորում», - նշեց Խաչատրյանը:

Ծրագրի նախաձեռնող Տիգրան Առուշանյանը մի քանի գյուղերում մաթեմատիկա է դասավանդել։ Ասում է՝ ցավում է, որ մասնագետի պակասի պատճառով հաճախ գյուղական բնակավայրերի խելացի երեխաները դուրս են մնում ուշադրությունից և այդպես էլ գիտելիքները զարգացնելու հնարավորություն չեն ունենում։ Իրենց ծրագրի միջոցով փորձում են հենց այս բացը լրացնել։

«Այնտեղ, որտեղ մասնագետ չկար հիմա էլ չկա, բացառությամբ ինչ-որ մի տեղ ինչ-որ տնօրեն կարողացել է մի կերպ գտնի մասնագետ, կանչի, բայց առհասարակ մենք ունենք մաթեմատիկայի մասնագետների լուրջ խնդիր, ֆիզիկայի, բնագիտական առարկաների լուրջ խնդիր ունենք, նաև ինֆորմատիկա: Այդ խնդիրն ունենք նաև Արցախում, ամեն տեղ նույնն է: Բացատրվում է այսպես՝ մաթեմատիկա իմացող մարդը շատ հեշտ դառնում է ծրագրավորող ու դուրս է գալիս դպրոցից, մնում են այն մարդիկ, ովքեր իսկապես նվիրյալ են ու չեն պատկերացնում իրենց կյանքն առանց դպրոցի», - ընդգծեց Առուշանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG