Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ պաշտոնում առաջադրում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը


Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Գործող օմբուսմենի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարին։

Իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասում է՝ կուսակցությունը մի շարք այլ թեկնածուներ էլ է ունեցել, անուններ, սակայն, չցանկացավ տալ։ Թե ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել փոխնախարար Գրիգորյանի վրա, իշխանական պատգամավորը պարզաբանեց. «Մի շարք պայմաններով պայմանավորված՝ դրանք են թե՛ նրա պրոֆեսիոնալիզմը, թե՛ վստահությունը, որ նա տուրք չի տալու հետագայում ինչ-որ քաղաքական նյուանսների, վստահությունը, որ նա լավագույնս կկարողանա նաև աշխատել միջազգային կազմակերպությունների հետ ու այդպես շարունակ»:

40-ամյա Գրիգորյանը 2009-ից եղել է Ազգային ժողովի նախ աշխատակազմի ղեկավարի, այնուհետև խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը։ 2018-ին հետո եղել է փոխվարչապետի խորհրդականը, 2019-ին արդարադատության փոխնախարար է նշանակվել։

Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում՝ անվտանգության խորհրդի քարտուղարը չեն թաքցնում իրենց դժգոհությունը գործող օմբուսդմեն Արման Թաթոյանից՝ պնդելով, թե նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում: Ինքը՝ Թաթոյանը, որը տարբեր հարցումների համաձայն, Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից է, հայտարարել էր, որ Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները, բացահայտ ոտնձգություն է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ։

«Այս իշխանությունները և իրենց սրտի օմբուդսմենի թեկնածուն վստահաբար չեն ունենալու այն ակտիվությունը, վստահաբար չեն ունենալու այն գործունեության հսկայական ծավալը, որը իրականացրել է ներկայիս գործող ՄԻՊ-ը», - ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ՝ գործող օմբուդսմենի նկատմամբ քննադատությունների հիմքը ներքաղաքական չէ, պատճառը Թաթոյանի ակտիվությունն է՝ պատերազմի ու դրանից հետո ստեղծված իրավիճակներում։

«Եթե Արման Թաթոյանի առաջադրումը սահմանափակվեր օրենքով, հասկանալի կլիներ, որ ուրիշ թեկնածու են առաջադրում, բայց հանրության կողմից բարձր ընկալելիություն ունեցող, համակրանք ունեցող հանրային գործչին իշխող խմբակցությունը օրենքի ուժով կարող էր նաև առաջադրել, և դա քաղաքական ժեստ կլիներ Հայաստանի Հանրապետության կողմից, երբ որ պաշտպանության տակ է վերցնում իր մարդու իրավունքների պաշտպանին, բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք հակառակը, դրա համար էլ այն բոլոր քայլերը, որ իրականացնում է այս իշխանությունը, հանրապետության բնակչության մեծամասնության կողմից համարվում է դավաճանական, համարվում է պարտվողական», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Ինչպես Մանուկյանը, այնպես էլ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը օմբուդսմենի իշխանության թեկնածուի գործունեությանը ծանոթ չէ, ընդգծեց միայն. «Սահմանադրության 192-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորների պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: Հիմա խնդրում եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի դատի՝ ի՞նչ հեղինակություն ունի, երբ որ մենք խոսում ենք ՔՊ-ի առաջադրած թեկնածուի մասին: Նրան գրեթե ոչ ոք չի ճանաչում: Ես որևէ բան չեմ կարող ասել նրա գիտական որակների մասին, բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջն ակնհայտորեն ոտնահարված է իշխանության կողմից»:

Դեռ 2016-ին, Արման Թաթոյանի ընտրությանը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ պետք է ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել, այլ փորձել կիրառել կանխավարկածային վստահության ճանապարհը, եթե դա հերքող պատճառներ չկան։ Թաթոյանի հետ կապված Փաշինյանը հերքող պատճառներ չուներ, այդ պատճառով էլ կողմ քվեարկեց նրան, ասաց՝ դա վստահության քվե է Հայաստանում մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտին։ Թագուհի Թովմասյանը ևս կանխավարկածային վստահության կողմնակից է, սակայն, ասում է՝ դրա համար տեսանելի քայլեր պետք է իրականացվեն։

«Այսօր այդ քայլերը բացի նրանից, որ մեր թեկնածուն և եթե մերն է, ուրեմն լավն է, որևէ այլ տրամաբանական բացատրություն այս իշխանության կողմից չեմ տեսել», - ասաց Թովմասյանը:

Ընդդիմադիր խմբակցությունները դեռևս հստակ որոշում չունեն՝ արդյոք կներկայացնե՞ն Մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածուին։ Գեղամ Մանուկյանը միայն ասաց՝ կարծում է, որ դեմ կքվեարկեն իշխանության թեկնածուին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG