Բելառուսի դատարանն ընդունել է վճիռ, ըստ որի «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության Տելեգրամ ալիքը և սոցցանցերը հայտարարվել են «ծայրահեղական»:
Ալեքսանդր Լուկաշենկայի ռեժիմը շարունակում է անցյալ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո հալածել անկախ լրատվամիջոցների աշխատակիցներին և հասարակական կազմակերպությունների ակտիվիստներին:
«Ծայրահեղական» է որակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության YouTube-ի ալիքը:
Վճիռն ընդունել է Մինսկի Կենտրոն համայնքի դատարանը: Այդ որոշմամբ ցանկացած օգտատեր, ով կբաժանորդագրվի «ծայրահեղական» ճանաչված ալիքներին և լրատվամիջոցներին, կարող է դատապարտվել ազատազրկման կամ տուգանվել:
Բելառուսի իշխանությունները «ծայրահեղական» են ճանաչել հարյուրավոր Տելեգրամ ալիքներ, բլոգներ և սոցցանցերում հանրային քննարկումների համար նախատեսված էջեր:
Բելառուսում հանրային բողոքներ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լուկաշենկոյին հռչակել է 2020 թվականի օգոստոսի 9-ի ընտրությունների հաղթող և նրան ընձեռել է վեցերորդ անգամ ստանձնել երկրի գերագույն ղեկավարի պաշտոնը: