Եվրամիությունը մի քանի տասնյակ միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զինված ուժերին աջակցելու համար: Եվրոպական խորհուրդն ընդունել է երեք երկրների ռազմական և պաշտպանական կարողությունները երեք տարվա ընթացքում ուժեղացնելու նախաձեռնությունները։
Ինչպես ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, Խաղաղության եվրոպական մեխանիզմի շրջանակում նոր միջոցառումներն ուղղված են «ներքին կայունության և խաղաղության» ամրապնդմանը և չեն ենթադրում մահաբեր զենքի մատակարարում։
Ծրագրի շրջանակում Վրաստանը կստանա 12,75 միլիոն եվրո օգնություն, որպեսզի երկրի զինված ուժերը կարողանան «իրենց ծառայությունները մատուցել խաղաղ բնակչությանը ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում», ասվում է հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ օգնության ծրագրով կտրամադրվեն բժշկական և ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև «քաղաքացիական նշանակության մեքենաներ»:
Մոլդովայի զինված ուժերը կստանան 7 միլիոն եվրո՝ բժշկական և ինժեներական ծառայությունների կարողությունների զարգացման համար։
Ուկրաինային կհատկացվի 31 միլիոն եվրո՝ երկրի «ընդհանուր կայունությունը բարձրացնելու» և զինված ուժերի «ներուժն ուժեղացնելու» համար։ Միջոցները կուղղվեն դաշտային հոսպիտալների և ռազմաբժշկական այլ հաստատությունների, ինչպես նաև «ինժեներական, շարժական և լոգիստիկ ստորաբաժանումների» ֆինանսավորմանը: