Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
Հայկական կողմի փոխանցմամբ` կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին ներկայացրել է «Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը», կարևորել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև եռակողմ հայտարարություններով կողմերի պարտավորությունների կատարման ընթացքը։
Հեռախոսազրույցի մասին ռուսական կողմը դեռ չի հաղորդում:
Այսօր Երևանում իր հերթին Ռուսաստանի փոխվարչապետին և ԱԳ փոխնախարարին ընդունել է վարչապետ Փաշինյանը: