Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը փոխանցել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Այս մասին, «Ազատության» ղազախական ծառայության փոխանցմամբ, հայտարարվել է «Նուր Օթան» կուսակցության քաղխորհրդի նիստին։
Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարելուց հետո Նազարբաևը 2019 թվականի մարտին հրաժարվել է նախագահական լիազորություններից։ Պաշտոնաթողությունից առաջ նրա նախաձեռնած մի շարք օրենսդրական փոփոխություններով երաշխավորվել է նախկին նախագահի և ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը՝ ազատելով նրանց ցանկացած քրեական հետապնդումից։
Պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է երկրի առանցքային կառույցներից մեկի՝ Անվտանգության խորհրդի նախագահ։