Լոռու մարզի Դսեղ գյուղում 660 հա վարելահողերից ընդամենը 10 հա-ն է մշակվում. մարզի որևէ գյուղում այսպիսի ցածր ցուցանիշ չկա։
Տարիներ շարունակ դսեղցիները բարձրաձայնել են, որ գյուղի մեծաքանակ ձիերը ոտնատակ են տալիս իրենց հողատարածքները։ Արոտավայր դարձած վարելահողերն արդեն անորակ են մշակության համար, տարիներ պետք կլինի շարքից դուրս եկած հողերը սնուցելու և նախկին բերքատվությանը հասցնելու համար, ասում է գյուղի բնակիչներից Վաչագան Մատոյանը։
«Եթե ձին դաշտում ա մնում հողի, խոտի ծուծը հանում ա, ուտում ա, ամեն տարի պակասում ա խոտը, դրա համար էդ ձիերը կուզեին հանեն, էլի ստեղ են, էլի նույն դաշտում են», - ասաց Մատոյանը:
Հատ առ հառ նշում է գյուղում ձիաբուծության միջոցով բիզնես անողներին։ Դրանց թվում հասարակ գյուղացիներ չկան։ Ազդեցիկ մարդիկ են՝ ընդհուպ մինչև զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյա. - «Ավագանու անգամներն են ձի պահողները, մեկ էլ ամենամեծավորը»:
Այստեղ մեծավոր են համարում ծնունդով դսեղցի, այժմ Գյումրիի զինկոմիսարիատի ղեկավար Արմեն Թումանյանին, որ տարիներ շարունակ հարյուրավոր ձիեր է բուծել Դսեղում ու, գյուղացիների խոսքով, մշակության համար անպիտան դարձրել հարյուրավոր հա վարելահողերը։ Այսօր էլ գյուղում զգուշավոր են տալիս նրա անունը, բայց ասում, թե այս տարի ձիերին վարելահողերում արածեցնելու թեթևակի արգելք կար։ Սարեր էին բարձրացրել, չնայած դեռևս հարցը վերջնական լուծված համարել չի կարելի։
Գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը, որի պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից կլրանա ու կթողնի դեռ խորհրդային տարիներից զբաղեցրած պաշտոնը, հրաժարվեց հարցազրույցից։ Բայց չհերքեց ազդեցիկ ձիատերերի գոյությունը։ Ասաց՝ անցած տարի նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կոշտ պահանջից հետո հարյուրավոր ձիերի հիմնական մասը գյուղից սարեր են տեղափոխվել, միջոցներ են ձեռնարկվել հողագործությունը խրախուսելու համար։ Այս տարի համայնքի ու կառավարության համատեղ ներդրումների հաշվին 5 միավոր գյուղտեխնիկա է Դսեղ հասցվել, գյուղացիներին ձեռնտու պայմաններով սերմացու բաժանվել։ Բայց ընդամենը մի քանի հա-ով են ավելացել մշակվող հողերը, «Ազատությանն» ասաց գյուղապետը։
Գյուղացիներն ասում են՝ դսեղցին հեռու կլինի հողից, քանի դեռ վստահ չէ, որ անջուր գյուղում իր ներդրած գումարը հողը ետ կտա. - «Հողը փորեցինք, հերկեցինք, ցանեցինք, սերմնացանը պարտք արեցինք, կարկուտն էկավ տարավ, բայց էդ սերմնացանը, որ գցել ենք հողի տակ, դրան ջուր ա պետք, կարտոֆիլը գցում ես հողի տակ, բերք չկա, արդյունքում գալիս ա ևս մի հատ պարտքի մեծ ցուցակ»:
Դսեղում թե՛ ոռոգման և թե՛ խմելու ջրի խնդիրը հարատև է թվում։ Դեռ 5 տարի առաջ կառավարությունը միջազգային ներդրումներից մեկ միլիարդ 300 միլիոն դրամ է ծախսել Դսեղի սարերից խմելու ջուրը գյուղ հասցնելու համար։ Սա համարվում էր խոշորագույն ծրագիր, որով պետք է լուծվեր 700 տուն ունեցող գյուղի խմելու ջրի խնդիրը։ Բայց հենց առաջին փորձարկումից պարզ է դարձել, որ ավելի քան 20 կիլոմետրանոց խողովակաշարը նախատեսված չէ բարձր ճնշումով ջուրը գյուղացիներին հասցնելու համար։
«Ամեն օր էդ շլանգի մեջ երբ ջուրը մտնում ա, տրաքած ա, ջուր չունենք, տրաքում ա, գալիս են սկսում փող հավաքելը, որ ջուրը սարքեն», - նշեց գյուղի բնակիչը:
Երկու ամիս առաջ ԱԺ որոշմամբ Դսեղն ու հարևան Չկալովը միավորվեցին Թումանյան համայնքին։ 15 օրից ավագանու ընտրություններ տեղի կունենան, որտեղ կորոշվի, թե առաջադրված երկու քաղաքական ուժերից ով կստանձնի 9 գյուղական բնակավայրեր ընդգրկող արդեն երկրորդ անգամ խոշորացվող Թումանյան համայնքը։ Նախընտրական պայքարի մեջ են իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու արտախորհրդարանական «Հանրապետություն» կուսակցությունը։ Երկու կուսակցությունների խոստումներում էլ կենսական խնդիրներ են ներառված։
«Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Սուրեն Թումանյանը, որ Դսեղի բնակիչ է, «Ազատությանն» ասաց՝ բնակավայրերում խմելու ջրի բացակայությունը ամենահաճախ բարձրացվող խնդիրներից է։ Կլուծեն. «Ջուրը կա, բայց ճիշտ չի օգտագործվում, տեղեր կան, որ օրինակ՝ 10 կամ 100 մետրի պատճառով մարդիկ խմելու ջուր չունեն: Մեր գյուղում մի հատ լավ զրույց ա շրջանառվում, որ 1 միլիարդ դրամը հազիվ հերիքեց, որ մեր գյուղի ջրերը կտրվեն»:
Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ թեկնածու Տիգրան Մխիթարյանը շեշտեց՝ այսօր փաստացի Դսեղում ջուր կա, բայց դսեղցին ջուր չունի։ Թեկուզ կրկնակի ծախս է ստացվում, բայց ընտրվելու դեպքում ամեն ինչ կանեն եղած ջուրը գյուղացուն հասցնելու համար. «Անկեղծ ասած, չեմ կարծում, որ մեր համայնքում անլուծելի խնդիր կա, պարզապես ցանկություն է պետք ու նաև փնտրտուք՝ այդ պետք եկող ռեսուրսները դեպի համայնք բերելու»:
Ընտրությունների նախաշեմին գտնվող թումանյանցու համար լուծում պահանջող հարցերն անվերջ են։