Այս տարեսկզբին լրացավ հայ լավագույն օպերային արտիստներից մեծահամբավ տենոր Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը, որին էլ նվիրված է նոյեմբերի 21-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայանալիք գալա համերգը՝ անվանի օպերային մեներգիչների մասնակցությամբ։
Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համերգի կազմակերպիչ «ԹԻ ԷՄ Պրոդաքշն» ընկերության հիմնադիր նախագահ Թովմաս Մարտիրոսյանը շեշտեց, որ հոբելյանական գալա համերգի ընթացքում հանդես կգան Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Լիաննա Ալեքսանյանը, Հովհաննես Այվազյանը, Կարինե Բաբաջանյանը և այլ անվանի օպերային երգիչներ, ովքեր աշխատել ու ստեղծագործել են մեծանուն Գեղամ Գրիգորյանի հետ։
«Ծրագիրը կազմված է երկու բաժնից, առաջին բաժնում հիմնականում արիաներ են, երկրորդ բաժնում կան նաև երգեր, որոնք հենց Գեղամ Գրիգորյանի երգացանկում են եղել՝ նեոպոլիտանական երգեր և կա հայկական ստեղծագործություն, որը կոչվում է «Արաքս», որը ժամանակին գրվել է հենց Գեղամ Գրիգորյանի համար, ձայնագրվել է 89 թվականին: Գաղափարը հղացել էր մոտ երկու տարի առաջ, հիմնականում քննարկել եմ Հակոբյան Գևորգի հետ, հիմնական միտքն այն էր, որ Գեղամ Գրիգորյանի հոբելյանական օրն առիթ դառնա համախմբվեն մեր հայտնի օպերային երգիչները Հայաստանում Օպերային թատրոնի բեմում», - ներկայացրեց Մարտիրոսյանը:
Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված գալա համերգը ղեկավարելու է համար Իտալիայից հրավիրված նրա վաղեմի բարեկամ, անվանի դիրիժոր Անտոնելլո Ալլեմանդին։ Նա չկարողացավ թաքցնել հուզմունքը՝ վերհիշելով Գեղամ Գրիգորյանի հետ իր ստեղծագործական համագործակցությունն ու նրա մարդկային նկարագիրը։
«Հնարավորություն եմ ունեցել աշխատելու Գեղամ Գրիգորյանի հետ երկու անգամ, հիանալի տպավորություններ, հիշողություններ ունեմ, նաև որպես անձնավորություն հիանալի անձնավորություն էր: Շատ երջանիկ եմ ունենալու այս հրավերը, նվիրելու այս համերգն իր հիշատակին», - նշեց անվանի դիրիժորը:
Անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի խոսքով՝ բոլորովին պատահական չէ, որ Գեղամ Գրիգորյանն իր կենդանության օրոք իրոք աշխարհահռչակ օպերային երգիչ էր, որը հանդես էր գալիս լավագույն օպերային բեմերում իր բացառիկ արտիստիկ և ձայնային հրաշալի կարողություններով։
«Ես Գեղամ Գրիգորյանի հասակակիցն եմ, այդ նույն սերնդից ենք, մեր ժամանակում Հայաստանում, իհարկե, օպերային երգիչներն ավելի քիչ էին, քան այսօր: Ամենամեծ գործը, որ արել է Գեղամ Գրիգորյանը, ոչ թե որ նա միայն լավ է երգել, նա վարակել է այդպիսի երգիչների, և մենք այսօր ունենք արդեն համաշխարհային աստղեր, որոնք շարունակողներն են: Մեծարելով մեր անցած սերունդը մենք վերածնունդ ենք ապրում, այնպես որ այս համերգը ես համարում եմ նաև վերածննդյան մի համերգ», - ասաց Բարսեղ Թումայանը:
Այսօր թե՛ մեր օպերային թատրոնում, թե՛ լավագույն եվրոպական բեմերում հանդես եկող երիտասարդ օպերային մեներգիչ Գևորգ Հակոբյանն էլ շեշտում էր այն կարևոր դերը, որ խաղացել են Գեղամ Գրիգորյանն ու մեր մյուս անվանի օպերային մեներգիչները թե՛ իր, թե՛ իր ընկերների համար դեռ ուսանողության տարիներից սկսած։
«Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը և Հասմիկ Պապյանը այն մարդիկ էին, ովքեր ինձ ու համոզված եմ իմ շատ սերնդակիցների վարակել են և հույս են ներշնչել, որ Հայաստանում ապրող, Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող ուսանողը կարող է աշխատել հավատալ և հասնել միջազգային բեմերի», - նշեց Հակոբյանը:
Իր ժամանակին Գեղամ Գրիգորյանը համարվել է աշխարհի 5 լավագույն տենորներից մեկը։