Դսեղցի Սուսանն ու Սիրանույշը ամեն օր մի քանի կիլոմետր ճանապարհ են անցնում՝ գյուղի մոտակա անտառից ցախ բերելու։
Տնակում են ապրում, տաքացնելը դժվար է։ Երկուսն էլ տան միակ կերակրողն են։ 60-ամյա Սիրանույշի խնամքին ծեր հայրն է, 73-ամյա Սուսանի խնամքին՝ հաշմանդամ ամուսինը։
«Իմ ամուսինը աշխատող, մեխանիզատոր մարդ էր, հետո հաշմանդամ դարձավ, տանը նստած է հիմա, չի կարում շարժվի, բայց դե տանը շունչ ա, տղամարդ ա, դուրս ա գալիս, դռանը նստում ա, զրուցում ենք, մեկ-մեկ էլ կռիվ ենք անում», - ասաց Սուսանը:
Այսօրվա բեռը ծանր էր։ Արևոտ եղանակը նվեր էին համարել ու իրենց բեռներին հարմարեցված երկաթե սայլակներին ցախ կապել, որքան հնարավոր է։ Հազիվ քարշ էին տալիս ու իրենց բախտն անիծում՝ բա տատ լինես ու քո թոռներին նվեր անելու հնար չունենա՞ս, ասում էին:
«Չենք մուրում, ուրիշից չենք սպասում, չենք ուզում, մի ճաշ եմ եփում, երկու ժամ ուտում ենք, մեզ բավականացնում ա, բայց որ գալիս են, չեմ կարում լիարժեք հյուրասիրեմ իմ թոռներին կամ հրավեր ենք ունենում, ընկճվում ենք, չենք գնում: Եթե 30 հազարից կոմունալ տաս, գազի փող տաս, լույսը տաս..., մի կով ենք պահում, մի հատ խոզ ունենք, որ Նոր տարուն մորթենք, որ միս ունենանք: Էդ 30 հազար դրամը ես ուտե՞մ, դրանք անե՞մ, ի՞նչ անեմ», - ներկայացրեց Սուսանը:
Սիրանույշը Սպիտակում 88-ի երկրաշարժին մանկահասակ տղային է կորցրել ու աղջիկների հետ գյուղ տեղափոխվել՝ շառից -փորձանքից հեռու, մի տնակում տեղավորվել։ Անցած 33 տարիներին ոչ միայն տնով չի ապահովվել, այլև պետությունից նվազագույն աջակցություն չի տեսել։ Ասում է՝ աղքատության նպաստ էր ստանում, դրանից էլ զրկեցին, թե ինքնաշեն տնակդ գյուղում հաշվառման հասցե չունի, համակարգիչը քո տեղը չգիտի։
«Իմ խելքը էս ժողովրդից բան չի կտրում՝ մեկը թալանում ա, մեկը բան անում, բայց հետո իմանում ես որ իրա թիմակիցն ավելի բեթար ա, չգիտեմ, մի քիչ արդարություն լինի, լավ կլինի», - ասաց Սիրանույշը:
Մեկը մյուսի ետևից իրար հիշեցնում են ունեցած դժվարություններն ու նստում շունչ քաշելու, ցախից վնասված ձեռքերից փուշ հանելու:
Դսեղցի կանանց հոգսերի ու ու դժվարությունների մասին բոլոր խոսակցությունները, սակայն, ավարտվում են սահմաններին տիրող վիճակի մասին մտքերով։ «Մենք կդիմանանք, միայն թե սահմանին զինվորը հանգիստ լինի», - ասում են նրանք:
«Միջին սպառողական զանբյուղը 60 հազար դրամ ա, մենք երկուսով 70 հազար դրամ ենք ստանում, 30 ես եմ ստանում, 40՝ ամուսինս, 30 հազար դրամով միջին զամբյուղ ա լինո՞ւմ, ո՞նց կարանք ապրենք», - նշեց Սուսանը:
«Հարստացաք, փորներդ եք մենակ լցնում, մեկ ա գնալու լինենք, որ տանելու լինեն մեզ, տանելու են: Չորս տախտակ ա մերը, ինչի՞ եք էդքան կուտակում: Էդ ոնց ա, որ մեկի կյանքի ազատության համար 20 միլիոն, չգիտեմ ինչքան տալիս են, որ բանտից ազատեն, բայց 100 հազար, 200 հազար դրամ ես չունեմ, որ հիմա գնամ հետազոտման», - հավելեց Սիրանույշը:
Կանայք պատմում են ու շարունակում դժվար ճամփան մինչև իրենց արև-անձրևից արդեն շարքից դուրս եկած տնակներ։ Սուսանի հաշմանդամ ամուսինը՝ Վաչագանը, ձեռքն է առնում կացինը, հենվում անշունչ ոտքի վրա ու սկսում կոտորել կնոջ՝ հազիվ քարշ տալով տուն հասցրած վառելափայտը։
«21-րդ դարում ապրում ենք, հեռուստացույցով աշխարհի ամեն բերք ու բարիքը տեսնում ենք, բայց մեզ չկա, չունենք ու ոչ մի սպասելիք չունենք», - ասաց Վաչագանը: