Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը քննադատում է Ռուսաստանի կողմից հակաարբանյակային հրթիռի փորձարկումը


 Ռուսական հրթիռի արձակում «Բայկոնուր» տիեզերակայանից, արխիվ
Ռուսական հրթիռի արձակում «Բայկոնուր» տիեզերակայանից, արխիվ

ԱՄՆ Պետքարտուղարությունը քննադատել է Ռուսաստանի կողմից հակաարբանյակային հրթիռի փորձարկումն իր իսկ արբանյակներից մեկի դեմ, ինչի արդյունքում տիեզերական աղբ է առաջացել: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը կեղծավորություն է անվանել Մոսկվայի առարկությունները տիեզերքում զենքի տեղադրման վերաբերյալ։

«Ռուսաստանի վտանգավոր և անպատասխանատու պահվածքը սպառնում է տիեզերական տարածության ․․․ երկարաժամկետ կայունությանը և ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ռուսաստանի հայտարարությունները ընդդեմ տիեզերքում զենքի տեղակայման անկեղծ չեն և կեղծավոր են», - լրագրողներին ասել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ հավելելով, որ փորձարկման հետևանքով ավելի քան 1500 միավոր աղբ է առաջացել:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շեշտել է․ - «Այս վտանգավոր և անպատասխանատու փորձարկումից առաջացած երկարակյաց բեկորներն այժմ կսպառնան արբանյակներին և տիեզերական այլ օբյեկտներին, որոնք կենսական նշանակություն ունեն բոլոր ազգերի անվտանգության, տնտեսական և գիտական շահերի համար գալիք տասնամյակների ընթացքում»:

Երկուշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, թե տեղեկություն են ստացել մի իրադարձության մասին, որը հանգեցրել է «տիեզերական աղբի առաջացման», իսկ պաշտոնական աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Ռուսաստանը ամենայն հավանականությամբ հակաարբանյակային զենք է փորձարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG