Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ը կոռուպցիոն չարաշահում է բացահայտել մրցույթների անցկացման ոլորտում


100 դոլարանոց թղթադրամներ, արխիվ
100 դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պարզել է՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակում գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։

Մասնավորապես, ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը 2021 թվականի հուլիսին հիմնադրամի անցկացրած՝ միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 միլիարդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25 միլիոն դրամ կաշառք, որից 2 միլիոն 404 հազար 100 դրամին համարժեք 5 հազար դոլարը պաշտոնատար անձը ստացել է սեպտեմբերին։

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 12-ին պաշտոնյայի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1 միլիոն 900 հազար 760 դրամին համարժեք 4 հազար դոլարը ստանալուց հետո, նա և ենթադրյալ կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ԱԱԾ։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է ենթադրյալ կաշառքի առարկա գումարը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնյան և ենթադրյալ կաշառատուն ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG