Իրավապահները փաստում են, որ այս տարի Լոռիում ավելի քան 3 անգամ նվազել են ապօրինի անտառահատումների դեպքերը։
Մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հայտնած տվյալներով, եթե անցած տարվա առաջին 9 ամիսներին մարզում արձանագրվել է 5800 ապօրինի հատված ծառ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1800-ը։
Դեռ ամռան սկզբներից ոստիկանական հենակետեր են գործում և 24-ժամյա հսկողություն են իրականացնում մարզի մի քանի հատվածներում, որտեղով հնարավոր է դուրս բերել ու վաճառքի հանել ապօրինի փայտանյութը, ասում է Կարեն Գաբրիելյանը. - «Չեմ ասում, որ բոլորովին զրոյացրել ենք, բայց մենք ունենք էական նվազում։ Ես այդ ամենը գիտեմ նաև Շիրակի մարզից, քանի որ նախկինում միշտ փայտանյութը, վառելափայտը տեղափոխվում էր հիմնականում Շիրակի մարզ։ Ես կապեր ունեմ, ամեն օր գրեթե գնում-գալիս եմ, հարազատներ ունեմ, ովքեր որ մինչ օրս փայտանյութ չեն կարողանում ձեռք բերել»։
Դատախազը անտառահատումների դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարում այն, որ պատասխանատվության են ենթարկում ոչ միայն անտառն ապօրինի հատողներին ու փայտանյութը փոխադրողներին, այլև վերահսկողության պատասխանատուներին. - «Երբ որ մենք հայտնաբերում ենք կոնկրետ տարածքներում ապօրինի հատված ծառեր, և վնասի չափը անցնում է մեկ միլիոնից, մենք պատասխանատվության ենք կանչում կոնկրետ այդ տարածքում հսկողություն իրականացնող անտառապետերին, անտառապահներին, ինժեներներին։ Երբ որ հասկանում են, որ իրենց տարածքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների համար իրենք ուղղակի պատասխանատվություն են կրելու, իրենք սկսում են ավելի ուշադրություն դարձնել»։
Այսօրվա դրությամբ հարուցված 52 քրեական գործ կա, որոնցով 37 անտառապետեր, անտառապահներ ու ինժեներներ մեղադրվում են անտառի վերահսկողությունը վատ կազմակերպելու համար։
Նախորդ տարի միայն մեկ պաշտոնատար անձի նկատմամբ էր մեղադրանք առաջադրվել, ընդգծում է մարզի դատախազը. - «Այս աշխատանքը շարունակվում է։ Նշված անձանց թվաքանակը ավելանալու է, և արդեն իսկ ունենք քրեական գործեր։ Մոտ ութ քրեական գործ արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եվ այս բոլոր քրեական գործերը մինչև տարեվերջ պլանավորվել է դատարան ուղարկելու համար»։
Գաբրիելյանն ասում է՝ ևս 47 դեպքերում միջնորդագրերով դիմել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին կամ բնապահպանության նախարարին, որի հիման վրա ծառայողական քննություններ են անցկացվում անտառտնտեսություններում՝ պարզելու ապօրինությունների ամբողջ շղթան։ Արդյունքում անտառը գողություններից պաշտպանելու համար պատասխանատու 8 պաշտոնյա տարբեր բնույթի կարգապահական պատասխանատվություն է կրել, 6 անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հարցին, թե արդյոք պաշտոնյաների մեղքը միայն անփութության մեջ է, և արդյոք չեն եղել պաշտոնատար անձինք, որոնք անմիջականորեն կազմակերպել են ապօրինի անտառահատումը, Գաբրիելյանը պատասխանեց, որ նման դեպքեր կան, բայց իրենց քննությամբ պարզված վնասի չափը չի գերազանցել 100 հազար դրամը։ Այս դեպքում պաշտոնյաներին չեն կարող մեղադրանք առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Նրանք մեղադրվում են միայն անփույթ վերահսկողության համար. - «Բայց այնուհանդերձ, իմ կողմից միջնորդություն է ներկայացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին, որպեսզի քննարկեն այդ անձին պաշտոնից ազատելու հարցը։
Մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ասաց՝ այս պահին տեղեկություններ չունեն նաև ապօրինի ծառահատումների գործերում իրավապահների ներգրավվածության մասին. - «Եթե մենք կունենանք այդպիսի անձինք, իրավապահ մարմնի աշխատակից, ով որ որևիցի ձևով ներգրավվածություն է ցուցաբերել այդ անտառների դուրս բերման համար, իր նկատմամբ կիրառվող քրեական ներգործության միջոցները լինելու են ամենախիստը»։
Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանն առավելապես Դսեղի և Թումանյանի անտառտնտեսություններին վերաբերող գործեր է քննում կամ արդեն դատավճիռներ է կայացրել։
Երեք ամիս առաջ Մարց գյուղում ողբերգություն տեղի ունեցավ։ Ոստիկանները հետապնդել էին ապօրինի փայտանյութ տեղափոխող ավտոմեքենան։ Վարորդը չէր ենթարկվել իրավապահների պահանջներին, և փախուստի դիմելիս մեքենան գլորվել էր ձորը. վարորդն ու մեկ ուղևոր մահացել էին, ևս մեկը վնասվածքներ էր ստացել։ Մարցի բնակիչները, իմանալով տեղի ունեցածի մասին, հավաքվել էին դեպքի վայրում, բռնություն գործադրել իրավապահների նկատմամբ, կողաշրջել ու ձորը գցել նրանց ծառայողական ավտոմեքենան։
Այս գործով նախաքննությունն արդեն ավարտվել է և անցած շաբաթ գործն ուղարկվել է դատարան։ Մարց և Աթան գյուղերի 4 բնակիչներ մեղադրվում են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու վնասելու համար։ Այսօրվա դրությամբ բոլոր 4 մեղադրյալներն ազատ են արձակվել, դատաքննությանը կմասնակցեն ազատության մեջ։