Մատչելիության հղումներ

Գեղարվեստի պետական ակադեմիան նշում է հիմնադրման 75-ամյակը


Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր Նկարիչների միության ցուցասրահում նորաբաց ցուցահանդեսով նշում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945 թվականի հունիսին է սկսել գործել այն ժամանակ Գեղարվեստական ինստիտուտ կոչվող բուհը, որի հիմնադիր ռեկտորն էր մեր լավագույն արվեստագետներից գեղանկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանը։ Նա դեռ 1940-ականներից Մարտիրոս Սարյանի հետ մեծ ջանքեր էր ներդրել՝ ստեղծելու այս բուհը, որը ղեկավարել է շուրջ 15 տարի՝ մինչև 1959 թվականը, իսկ հիմնադրման օրից 25 տարի եղել է բուհի քանդակի ամբիոնի վարիչը։ Այն ժամանակ, ի դեպ, բուհն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ՝ գեղանկարչության և քանդակի, և սկզբում գործում էր Աբովյան փողոցի վրա գտնվող երկհարկանի շենքում։

Նախորդ դարի 50-ականների սկզբներին սակայն, բուհը տեղափոխվում է ներկայիս Իսահակյան փողոցում գտնվող շենքը՝ միավորվելով Թատերական ինստիտուտի հետ։ Բայց անկախության տարիներին, 1994 թվականից երկու բուհերը կրկին առանձնանում են, ընդարձակվում, և Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր է դառնում Արամ Իսաբեկյանը։

Իսաբեկյանն արդեն 28 տարի անընդմեջ ղեկավարում է բուհը, որը մեծ վերելք ապրել նրա ղեկավարության օրոք, ավելացել են բաժիններն ու մասնաշենքերը, տարեցտարի ավելանում է ուսանողների թիվը, իսկ Գեղարվեստի պետական ինստիտուտը դեռ 2000 թվականից վերածվել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի։

«Ազատության» հետ զրույցում Արամ Իսաբեկյանն ասաց. - «Այսօր ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր 75-ամյա հոբելյանը, որը որ արտահայտվում է այս հիանալի ցուցահանդեսով։ Հիմնականում կազմակերպված է մեր դասախոս նկարիչների աշխատանքների միջոցով։ Կան նաև մի քանի շրջանավարտների աշխատանքներ։ Ցուցահանդեսը պետք է լիներ անցյալ տարի, որովհետև մեր 75-ամյակը լրացել էր անցյալ տարի՝ մեր ակադեմիան ստեղծվել է 1945 թվին, բայց, քովիդի պայմաններից ելնելով, հնարավոր չեղավ անել։ Փոխեցինք այս տարի»։

Այս 75 տարիների ընթացքում բուհում մեծ մանկավարժական ավանդ են ներդրել տարբեր սերունդների մեր լավագույն գեղանկարիչներն ու քանդակագործները՝ ապահովելով հայ ժամանակակից գեղանկարչության, քանդակի և այլ ոլորտների անընդմեջ զարգացումը, նաև ինտեգրումը համաշխարհային կերպարվեստի զարգացման գործընթացին։

Արամ Իսաբեկյան
Արամ Իսաբեկյան

«Ակադեմիան մեծ ճանապարհ է անցել, վերջին տարիներին վերելքի մեջ է և' շենքային պայմաններով, և' լաբորատորիաների, և' ծրագրերի, և' ինտեգրման իմաստով եվրոպական կառույցներին։ Եվ ամեն ինչը շարունակական էր, ցավոք, էլի քովիդի պատճառով ընդհատվեց, հուսով եմ՝ ժամանակավոր, այն պրոցեսը, որը որ մենք եվրոպական բուհերի հետ և կառույցների հետ ունեինք, մասնակցում էինք մի քանի շատ կարևոր ծրագրերի։ Նույնիսկ երկու եվրոպական ծրագիր Գեղարվեստի ակադեմիան ղեկավարում էր, և այդ ղեկավարման համար ստացավ փայլուն գնահատական եվրոպական կառույցների կողմից», - նշեց Արամ Իսաբեկյանը։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ այս բուհը ձևավորում է մեր արվեստի փիլիսոփայությունը, ժամանակակից հայ արվեստի կենսանյութը, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը արձագանքեց. - «Հայաստանում կերպարվեստով զբաղվողների իննսուն տոկոսից ավելը մեր շրջանավարտներն են, և այն փառքը, որ ունի հայ կերպարվեստը և' Հայաստանում, և' Հայաստանից դուրս, ապահովում են մեր շրջանավարտները»։

Անդրադառնալով երիտասարդ սերնդին՝ Իսաբեկյանն ասաց. - «Տաղանդավոր երիտասարդների պակաս չունենք։ Աղջիկներն են շատացել։ Բոլոր բնագավառներում, որտեղ ճնշող մեծամասնությունը տղաներ էին, հիմա ճնշող մեծամասնությունը աղջիկներ են, շատ տաղանդավոր, պարզապես տղայի ուժով և մտածողությամբ աշխատող։ Շատ տաղանդավոր տղաներ և աղջիկներ ունենք, և դրա ապացույցն են նրանց շահած մրցանակները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG