Մատչելիության հղումներ

Լեհաստանի և Բելառուսի սահմանակետում իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում


Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին և պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Բրուժի-Կուժնիցա սահմանակետում, 8-ը նոյեմբերի, 2021թ․
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին և պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Բրուժի-Կուժնիցա սահմանակետում, 8-ը նոյեմբերի, 2021թ․

Իրավիճակը Լեհաստանի և Բելառուսի սահմանին մնում է ծայրաստիճան լարված Բրուժի-Կուժնիցա սահմանակետում, որտեղ երեկ հազարավոր ներգաղթյալներ, հիմնականում՝ Իրաքից, փորձել էին սահմանապահների դիմադրությունը ճեղքելով մտնել Լեհաստանի տարածք։

Ըստ տեղից ստացվող լուրերի, այս պահին միգրանտները գտնվում են չեզոք գոտում, որտեղ վրաններ են տեղադրվել։

Նախօրեին սահմանային կետ էին եկել Լեհաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը, և, ելույթ ունենալով սահմանապահների ու զինվորականների առջև, պնդել՝ «Լեհաստանը քննություն է հանձնում՝ ապացուցելու, թե որքանով է պատրաստ պաշտպանել իր սահմաններն ու անկախությունը»։

Ստեղծված իրավիճակի համար Վարշավան մեղադրում է Բելառուսի իշխող վարչակազմին և պնդում, թե Ալեքսանդր Լուկաշենկոն միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիություն, որը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ՝ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ոտնահարելու համար։

Եվրահանձնաժողովի ղեկավարը երեկ կոչ է արել Միության անդամներին նոր սահմանափակումներ մտցնել Բելառուսի ղեկավարության հանդեպ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG