«Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում, չնայած այդ երկրների ու ժողովուրդների հետ մեզ կապում է երկարամյա ու սերտ բարեկամություն և լայնածավալ գործընկերություն բոլոր ուղղություններով։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա պոտենցիալի արդյունավետ օգտագործման օգտին, համարժեքորեն հաշվի առնելով տարածաշրջանային փոխված իրողությունները», - հայտարարում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության մեկ տարին լրանալու կապակցությամբ։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Արտգործնախարարությունը ուշադրություն է հրավիրել, որ համարձակորեն կարելի է հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում ինֆորմացիոն արտանետումները, թե իբր Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը ուղղված են «Լեռնային Ղարաբաղը անջատելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատ» դարձնելուն։ «Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ ունեն, մշակում են լրիվ ակնհայտ արտաքին պատվեր և ոչ մի ընդհանրություն չունեն իրականության հետ», - պնդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտգործնախարարությունը նշել է, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ հայտարարությունները և մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հենված են եղել շահերի հավասարակշռության վրա, նախատեսվել է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանությանը և շահերին։
«Մի շարք մեր նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել, և դա նորմալ է։ Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունները, ինչպես ասում են, ձեռք են բերվել տառապանքով և գործնականում արդյունավետ իրականացվում են»,- նշել է ՌԴ արտգործնախարարությունը։