Մատչելիության հղումներ

«Ռոստելեկոմն» անարդյունավետ է համարում ներդրումները Հայաստանում, կարծում է տնտեսագետը


Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ցանկանում է գնել «Ռոստելեկոմ Հայաստանի» բոլոր բաժնեմասերը։

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնեմասերը վաճառելու թույլտվության համար։ Գործարքը կարող է տեղի ունենանալ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերից հետո միայն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը պարզաբանում է՝ դեռ պետք է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաձայնությունը լինի։

«Ընկերության դիմումը ստանալուց հետո այն ուղարկել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի 14-րդ հոդվածի շրջանակում իրենց դիրքորոշումը ստանանք: Դիրքորոշումը ստանալուց հետո նոր հանձնաժողովը էդ սեփականության իրավունքը կարգավորող անձի այլ անձի փոխանցելու հետ համաձայնության հարցը քննարկում է ու վերջնական դիրքորոշում է դրանից հետո տալիս», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը:

Թե երբ կիրականացվի հավանական գործարքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը չի կարող ասել, օրենքով ժամկետներ սահմանված չեն։

Ռուսական ընկերությունը հայաստանյան շուկա էր մտել 2012-ին։ Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն ժամանակ «Ռոստելեկոմը» 22,5 միլիոն դոլարով ձեռք էր բերել տեղական «ՋիԷնՍի-Ալֆա» օպերատորի բաժնեմասերի 75 տոկոսը, մյուս 25 տոկոսը ընկերությունը գնել էր 2019-ին՝ ավելի քան 7 միլիոն դոլարով։

Թե այս պահին որքա՞ն է ընկերության արժեքն ու ի՞նչն է պատճառը, որ «Ռոստելեկոմը» վաճառում է ամբողջ բաժնեմասերը, ընկերությունից հրաժարվեցին մեկնաբանել։ Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտն ուսումնասիրած տնտեսագետ Սուրեն Պարսյանը չի բացառում, որ ընկերությունը Հայաստանում իրականացրած ներդրումներն անարդյունավետ է համարել։

«Ռոստելեկոմը» սկսեց իր գործունեությունը մարզերից, հետո եկավ Երևան և այս ընթացքում, բնականաբար, փորձեց հնարավորինս մեծացնել իր շուկան: Ասեմ՝ որոշակի հաջողություններ գրանցեց, բայց հաշվի առնելով Հայաստանի շուկայի փոքրությունը, կարծում եմ, նրանք իրենց ներդրումները, իրենց ներդրումների արդյունավետությունը ցածր են գնահատել», - նշեց տնտեսագետը:

«Երբ այսպիսի գործարք լինում է, առնողն ակնկալում է, որ կան շահույթի և զարգացման հնարավորություններ, մյուս կողմից էլ վաճառողն ակնկալում է, որ այսպիսով ինքն իր գոնե ֆինանսական նպատակներին ավելի շուտ կարողանա հասնել, քան փորձի իր գործունեությունն առանձին շարունակել», - ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը:

Քասսարջյանն ասում է՝ այս գործարքը դժվար թե ազդեցություն ունենա մանրածախ շուկայի վրա, որտեղ բազմաթիվ ընկերություններ կան, իրավիճակը հնարավոր է այլ լինի մեծածախ շուկայում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հավաստիանա, որ նոր սեփականատերն այդ ոլորտում քաղաքականությունը կտրուկ չի փոխելու։

«Առաջինը՝ մեծածախ, այսինքն՝ իրենք ինտերները տրամադրում են այլ օպերատորներին, և երկրորդը՝ իրենք նաև ունեն իրենց մանրածախը, որ անմիջապես ինտերնետ են իրենք տրամադրում, ոչ միայն ինտերնետ, այլ մի քանի ծառայություններ: «Ռոստեկելոմի» նման ընկերության ենթակառուցվածքը համարվում է առանցքային ենթակառուցվածք, ու եթե դա մնում է հայկական ձեռքերում, դա պետք է դիտարկվի դրական, բայց դրա հետ մեկտեղ, ով որ գնում է, ինքը պետք է պատրաստ լինի լրացուցիչ ներդրումներ անելու կամ ինչ-որ ձևով այնպիսի գործունեություն կատարի, որը կարող է ազդել այսօր առկա ծառայությունների և գնային քաղաքականությանը», - ընդգծեց նա:

Ռուսական լրատվամիջոցները դեռ 2018-ին էին գրում, թե «Ռոստելեկոմ» ընկերության ղեկավարը չէր բացառել հայաստանյան դուստր ձեռնարկության վաճառքը՝ առանց հստակեցնելու պատճառները։ Ի դեպ, ռուսական մայր ձեռնարկության 50+1 տոկոսի սեփանակատերը Ռուսաստանի Դաշնությունն է։

«Ռոտելեկոմը» ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի բաժանորդների թվով Հայաստանում 3-րդ տեղում է՝ «Բիլայն»-ից ու «Յուքոմ»-ից հետո։ Ընկերությունը ֆիքսված ինտերնետի ու հեռխոսակապի ծառայություն է մատուցում ավելի քան 76 հազար բաժանորդի։

«Հայաստանում ցանց ընդլայնելու համար անհրաժեշտ է ունենալ մի շարք թույլտվություններ՝ պայմանավորված քաղաքապետարանով, բարձրավոլտ ցանցով, նաև բաշխիչ ցանցերով, որոնց սյուներն օգտագործվում են այս մալուխները քաշելու համար, կարծում եմ, նաև այստեղ դա էլ իր դերակատարումն ունեցել է: Նրանք ավելի դանդաղ են այս պրոցեսների մեջ մտել և «Տաշիր գրուպի» կողմից ձեռք բերումը կարող է նպաստել, որ այս ցանցն էլ ավելի արագ զարգանա, քանի որ ՀԷՑ-ը, նաև այս կազմակերպությունը կգտնվեն նույն ֆինանսաարդյունաբերական խմբի մեջ», - նշեց Սուրեն Պարսյանը:

«Ռոստելեկոմ»-ի 100 տոկոս մասնաբաժինը գնել ցանկացող Սամվել Կարապետյանը մասնաբաժին ունի նաև մրցակից «Յուքոմ» ընկերությունում։ Ռուսաստանաբնակ գործարարն, ի դեպ, «Ֆորբս»-ի 2021 թվականի վարկանիշով Ռուսաստանի 200 հարուստ գործարարների ցանկում զբաղեցնում է 46-րդ տեղը՝ ավելի քան 3 միլիարդ դոլար կարողությամբ։ Նա առայժմ այս գործարքի մասին մեկնաբանություն չի արել։ Հայաստանում նա ՀԷՑ-ից բացի այլ խոշոր բիզնեսներ ունի։












Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG