Մատչելիության հղումներ

«Մեյդ ին Կուրթան» ապրանքանիշով բաճկոնները գնորդի խնդիր չունեն


«Հիմա Կուրթանը դառել ա բրենդ, ճիշտ եմ՞ ասում բառը», - հարցնում է Կուրթանեցի Սեդա Ավետիքյանը։

Նա ժամանակին իր համար անծանոթ բառերի նշանակությունը արդեն լավ գիտի։ Գյուղի 4-6-րդ դարերի եկեղեցու մոմավաճառն է։ Ասում է՝ աշնանը տուրիստները պակասել են, բայց ամռանը եկվորների համար արած պատմություններում չի մոռացել նաև գյուղի վերջին տարվա արտադրանքի մասին խոսել՝ Մայդ ին Կուրթան։

Իր 4 կարմրամազիկ թոռնիկներն էլ Կուրթանում արտադրված բաճկոններն են կրում ու երբեմն անգամ գովազդում իրենց հայրենի գյուղի արտադրանքը։

Կուրթանի բոլոր երեխաները նվեր են ստացել «Արտադրված է Կուրթանում» ապրանքանիշով այս տաք բաճկոնները, որ գյուղացիների ձեռքով են կարվել։ Սիրով են կրում, ասում են։

Կուրթանում ուղիղ մեկ տարի առաջ է հիմնադրվել կարի փոքրիկ արտադրամասը։ Ներդրողը հոլանդացիներն են, հիմնադիրը՝ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը, նպատակը՝ գյուղում աշխատատեղեր ստեղծելն ու շուկայում մատչելի արտադրանք ներմուծելը։ Կուրթանցի 8 կանայք արդեն գործ ունեն։

«Նախկինում զբաղվել ենք միայն տնային տնտեսությամբ, իսկ հիմա կարողանում ենք աշխատանքը համատեղել տնային գործերի հետ», - ասում է նրանցից մեկը։

«Ամենակարևորը, որ կարվում ա մեծ սիրով։ Մանավանդ որ մեր երեխաներին տեսնում ենք, որ կրում են, շատ ուրախանում ենք», - հավելում է նրա գործընկերը։

«Աստղիկ» բարեգործականի ծրագրի համակարգող Ռուսլան Օհանյանը հպարտորեն թվարկում է կուրթանցիների արտադրանքի առավելություններ՝ որակը տեղն է, ապրանքը՝ երկարակյաց ու մրցունակ, գինն էլ էժան։ «Մեյդ ին Կուրթան» ապրանքանիշով բաճկոնները, նրա խոսքով, գնորդի խնդիր չունեն. - «Հիմնականում Երևանից որ գալիս են պատվիրելու, զարմանում են, թե ինչու է էժան մեր կուրտկաները։ Ուղղակի «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի գործը շահույթի վրա չի կենտրոնացած։ Աշխատողներին կարողանանք վճարել իրանց աշխատավարձերը... Հիմնականում մեր նպատակ էդ ա, որ աշխատատեղ պահենք, մարդիկ գործ ունենան»։ Հիմնադրամը շռայլորեն նվերներ է բաժանում ոչ միայն Կուրթանի, այլ նաև հարևան գյուղերի դպրոցականներին։ Մարզի մոտ 1000 երեխա հագնում է Կուրթանի բաճկոններից։

«Աստղիկ» հիմնադրամում կիսաբերան ասում են, թե հնարավոր է առաջիկայում «Մեյդ ին Կուրթանը» «Մեյդ ին Լոռի» դառնա, արտադրամասեր ունենան նաև մարզի այլ փոքր գյուղերում։

Այժմ 10 կարի մեքենա ունեն, բայց տարածք չունեն, որ դրանք տեղադրեն, արտադրության ծավալներն ու աշխատատեղերը կրկնապատկեն։ Պարզվում է, որ Կուրթանում արդեն ազատ տարածք գտնելը բարդ է, գյուղն իսկական զբոսաշրջության կենտրոն է դարձել. - «Շատ դեպքեր են եղել, որ եկել են Կուրթան կուրտկա գնելու Երևանից, ու իրանք բացահայտել են, որ Գյուլագարակը, Սոճուտը՝ դենդրոպարկը գտնվում ա էստեղ», - ասում է Ռուսլան Օհանյանը։

Մեկը մյուսի հետևից հյուրատներ են բացվում, առևտուրն է ծաղկում։ Վերջին տարիներին գյուղում տները 4-5 անգամ թանկացել են։

Սեդա Ավետիքյանն ասում է, որ 40 տարվա հարս է Կուրթանում, բայց գյուղում խորհրդային տարիներից հետո նման եռուզեռ չէր տեսել. - «Շվեյցարիա ենք։ Շվեյցարիայից հլա մի բան առաջ ենք անցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG