Կառավարությունն այսօր ընդունեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հրաժարականի դիմումը, ով այդ պաշտոնում մեկ տարի էլ չաշխատեց։ 2018-ին իշխանության գալուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» Շիրակում արդեն 4-րդ մարզպետն է փոխում:
Հարությունյանը, որ հրաժարական ներկայացրեց Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ-ի պարտությունից հետո, այսօր պնդեց, թե պարտադրանք չի եղել, սեփական դիմումի համաձայն է ազատվել. - «Այն պահից, երբ որոշվեց, որ ես պետք է գլխավորեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանում ցուցակը, այդ պահից պարզ էր, որ, անկախ նրանից ընտրությունները ինչ ելք կունենան, ես այլևս չեմ զբացեղնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Եվ այն, ինչ այսօր տեղի ունեցավ, այդ որոշման տրամաբանական շարունակությունն է»։
Հովհաննես Հարությունյանին կփոխարինի գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որն արդեն մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Հարցին, թե արդյոք վերլուծել են Գյումրիում կրած պարտության պատճառները, արդեն նախկին մարզպետը պատասխանեց. - «Վերլուծությունները հիմա էլ են ընթանում։ Շատ կարևոր խնդիր կա, որ պետք է հասկանալ, թե ինչու մեր քաղաքացիները չուզեցին գնալ ընտրության։ Բայց մի շատ կարևոր բան է, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ձախողել, դա այն վարած քաղաքականությունն է, որով անընդհատ կարևորվում է քաղաքացու քվեն։ Եվ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն, անկախ Շիրակի մարզում, անկախ Գյումրիում, անկախ որ հատվածում է, յուրաքանչյուր քվեն կարևոր է։ Եվ այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես որոշի, այդպես էլ լինելու է»։
Մարզպետարանում օրվա երկրորդ կեսին մարզպետը հրաժեշտի ասուլիս էր տալիս, իսկ օրվա առաջին կեսին Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երդմնակալությամբ ստանձնեց պաշտոնը. - «Ստանձնելով Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնը, երդվում եմ. համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները»։
«Քաղաքացիական պայմանագրի» հետ «Բալասանյան» դաշինքի ստորագրած համագործակցության հուշագով փոխքաղաքապետերի երկու աթոռները ՔՊ-ին են: Սամսոնյանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ովքեր կլինեն իր տեղակալները. -«Քննարկման փուլում են իրենք, ներթիմային»։
Ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորած Հովհաննես Հարությունյանը ևս անկեղծացավ, թե փոխքաղաքապետերի հարցով այս պահին հստակ որոշում չկա. - «Ոչ թե ձեզանից բան եմ թաքցնում, այլ էս պահին հստակ որոշում չկա»։
Գյումրիի նորընտիր 30-ամյա քաղաքապետը, անդրադառնալով իր կադրային քաղաքականությանը, ասաց, թե, անկախ քաղաքական հայացքներից, պաշտոններ կարող են ստանալ նաև ավագանի չանցած քաղաքական ուժերի ներկայացուցիչները. - «Բոլոր կարող ուժերի օգտագործմամբ պետք է օր առաջ քաղաքի խնդիրները լուծենք։ Անկախ քաղաքական պատկանելությունից՝ մենք կարող ուժերի կունենանք ընդգրկում՝ ի շահ քաղաքի։ Եթե մարդը կարող է քաղաքին օգտակար լինել, իր էդ օգտակարությունը ի շահ քաղաքի մենք կարողանանք օգտագործել»։
Քաղաքապետի երդմնակալությանը չէր մասնակցում «Զարթոնք» խմբակցությունը, որն ավելի վաղ առաջարկել էր կոալիցիա կազմել Սամսոնյանի առաջնորդած դաշինքի հետ ու ավագանիում մեծամասնություն կազմել, սակայն մերժում էր ստացել։ Սամսոնյանը սա բոյկոտ չորակեց. - «Չեմ ուզում էդպես բնութագրել։ Ես կոչ եմ անում համերաշխության, միասնության։ Եթե բոլոր ուժերը, ցանկացած մարդ քաղաքի շահերով հետաքրքրված է և ուզում է Գյումրին օր առաջ դառնա մեր սիրելի քաղաքը երազած, պիտի դնեն ամեն ամբիցիան կողքի, քաղաքական մոտեցումները, և գան, իրար հետ կարողանանք համատեղ աշխատել»։
Ավագանիում երկու մանդատ ունեցող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանի կարծիքով, ՔՊ - «Բալասնյան» դաշինք հուշագրի ստորագրմամբ արհեստականորեն քաղաքային իշխանությունը կիսվեց. - «Տվյալ հուշագրով տեղի ունեցավ ընդամենը իշխանության արհեստական բաժանում, այսինքն՝ «Բալասանյան» դաշինքը հնարավորություն ուներ էդ հուշագիրը չկնքելու, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու և քաղաքը կառավարելու։ Դա համարում եմ ուղղակի արհեստականորեն քաղաքում իշխանությունը կիսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»։
Ինչպե՞ս են կարողանալու հակակշիռ ստեղծել քաղաքային իշխանություններին իրենց երկու մանդատով: Ընդդիմադիր ավագանու անդամն ասում է, որ ամեն հարց մանրադիտակի տակ են պահելու։ Այդուհանդերձ, համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ որոշ հարցերում չբացառեց: