Մատչելիության հղումներ

«Ես կողմ եմ, որ էթիկայի հանձնաժողով լինի բժշկական ասպարեզում». ԵՊԲՀ ռեկտորը՝ հակապատվաստումային քարոզի մասին


Չպատվաստվել խորհուրդ տվող բժիշկների ոչ միայն Արթուրն ու իր ընկերն են հանդիպել, այլև նոր մայրացած Քրիստինե Աբրահամյանը։ Մասնագետները նշում են, որ կերակրող կինը նույնպես կարող է պատվաստվել, ավելին, գիտական տարբեր հետազոտությունների հղում անելով, ընդգծում են` հակամարմինները կաթի միջոցով նաև երեխային են փոխանցվում։ Չնայած այս գիտական բացատրություններին՝ որոշ բժիշկներ «Ազատության» զրուցակցին տողատակերով հուշել են չպատվաստվել։

Քրիստինեի խոսքով՝ հիշեցրել են՝ պատվաստանյութեր կան, որոնք ցուցումներ ու հակացուցումներ ունեն: - «Սակայն իրենք խորհուրդ չեն տալիս, և ես իմ պատասխանատվությամբ ու իմ ռիսկով կարող եմ պատվաստանյութն ընդունել: Ինձ ասում էին՝ եթե ստիպված չես աշխատանքի վերադառնալ ու այդ սերտիֆիկատը ներկայացնել, լավ կլինի մի փոքր էլ հետաձգես: Իրականում ես պետք է դեկտեմբերին վերադառնամ աշխատանքի, հետևաբար, թե՛ իմ առողջության և թե՛ աշխատանքի վերադառնալու համար պետք կլինի ընդունել պատվաստանյութը»:

Մեր ֆեյսբուքյան փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ հակապատավստումային քարոզով զբաղվող բժիշկների շատերն են հանդիպում։ Շուրջ 30 րոպեի ընթացքում տասնյակից ավելի օգտատեր պատմեցին, թե իրենց ինչ են ասել այդ բժիշկները։

Հակապատվաստումային քարոզի դեմ տարբեր երկրներ սեփական գործիքակազմով են պայքարում: BBC-ին ներկայացրել էր Ֆրանսիայի փորձը, որտեղ սեպտեմբերի սկզբին շուրջ 3000 չպատվաստված բուժաշխատող աշխատանքից ազատվել էր, սակայն հետո պատվաստվողները հետո վերադարձել են աշխատանքի։ Ռուսական «Մեդուզա» պորտալն էլ գրում է, որ պատվաստումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող բժիշկների հարցը Ռուսաստանում փորձելու են իրավական պատասխանատվության ճանապարհով լուծել։

Հայաստանի կառավարությունն այս ուղղությամբ հստակ մեխանիզմներ չունի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ առաջիկա 5 տարիներին կառավարությունը կյանքի կկոչի բժիշկների լիցենզավորման ծրագիրը: «Հետագայում, երբ ունենանք այդ ինստիտուտը, չի կարող բժիշկը շարունակել իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում», - նշեց նախարարը:

Մինչև այդ, սակայն, Երևանի պետական բժշկական համալսարանն (ԵՊԲՀ) ինքնուրույն է այս հարցը լուծում, էթիկայի հանձնաժողով ունեն, որտեղ հաճախ քննարկվում է նա՛և պատվաստումների հակաքարոզով զբաղվող բժիշկների վարքը։ Այս համալսարանի ենթակայությամբ գործող Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը լուծարել է հակապատվաստումային ակտիվ քարոզով զբաղվող Մարինա Խաչատրյանի աշխատանքային պայմանագիրը։ Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը դեմ է պատվաստումների պարտադրանքին ու կարծում է, որ իրեն աշխատանքից ազատելու պատճառը դա է։

Բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանն «Ազատությանն» ասաց՝ էթիկայի մարմինն անկախ է գործում, գումարվող նիստերից ու քննարկվող թեմաներից տեղյակ չէ, բայց հավելեց՝ այս մարմինը վարչարարություն չի կիրառում, միայն մասնագիտական գնահատական է տալիս։

«Ուրախ եմ, որ նրանք կարողանում են հավաքվելով հանդերձ տեղ հասցնել, որ եթե այս հիմնարկում ընտանիքներով մարդիկ զոհվել են, չենք կարողացել փրկել, տեսել ես՝ ինչպիսի վիթխարի աշխատանք, անմարդկային պայմաններում ոնց են աշխատել մարդիկ, ոնց են փորձել փրկել, հետո շրջվել պատի կողմը ու լաց եղել, ոնց է մեկ օրվա մեջ 12 մահ գրանցվել մի ռեանիմացիայում, որտեղ ես երկրաշարժի ժամանակ աշխատել եմ, այդպիսի վիճակ չի եղել, պատերազմի ժամանակ չի եղել, դու ո՞նց ես նույն հիմնարկում աշխատելու: Էդ բաժանմունքի դուռը չբացած, էդ բաժանմունքի աշխատանքներին որևէ կերպ չնպաստած, դու փորձում ես քո բարձր կարծիքը հասցնես ժողովրդին, թե ինչ է պետք անել, խեղաթյուրելով, իհարկե, պետք է էթիկայի հանձնաժողովը հավաքվեր և գնահատական տար», - ասաց բուհի ռեկտորը:

Մուրադյանի կարծիքով՝ բժիշկների լիցենզավորման ինստիտուտի և հանրային առողջապահության մասին օրենքի բացակայության պայմաններում, գոնե պետք է էթիկայի մարմիններ ստեղծվեն։

«Ես կողմ եմ, որ էթիկայի հանձնաժողով լինի բժշկական ասպարեզում, որը գնահատականի կարժանացնի այն ամենը, որի արդյունքում այսքան զոհ ունեցանք, այն բոլորին, որոնք փաստացի իմանալով հանդերձ ապակողմնորոշեցին, անգամ նրանց, ովքեր իմանալով հանդերձ լռեցին», - ընդգծեց նա:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին պոլիկլինիկաներից մեկում պատվաստվող տարեց կնոջ պատասխանը համոզել է՝ այս փուլում ապատեղեկատվության դեմ գոնե պետք է կրթելով պայքարեն. «Մի տատիկ շատ հետաքրքիր պատասխանեց, ասաց՝ ես դիաբետ ունեմ, դրա համար եմ եկել, հարցնում եմ՝ բժի՞շկն է խորհուրդ տվել, ասում է՝ չէ, ես ինքս մտածել եմ, եկել եմ: Նշանակում է, որ իրազեկելով և՛ բնակչությանը, և՛ բժիշկներին աշխատել է, որոշ չափով փոխել է նաև մոտեցումները»:

Դեռ ամիսներ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Չեխիայի մի գործով վճռել էր, որ երեխաների պարտադիր պատվաստումը մի շարք հիվանդությունների դեմ անհրաժեշտություն է դեմոկրատական հասարակություններում և չպատվաստված երեխաներին դպրոց չթողնելով պետությունը չի գերազանցել իր լիազորությունները։ Պատվաստումների պարտադրանքի նպատակը երեխաներին լուրջ հիվանդություններից պաշտպանելն է։ Փորձագետներն այս վճիռը նախադեպ էին համարել քովիդի դեմ պատվաստումները պարտադիր դարձնելու հնարավոր գործընթացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG