Թուրքական հետախուզությունը պնդում է, թե Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմ թիմակիցը, ով նաև Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր է, չեչեն ընդիմադիր գործչի սպանություն է պատվիրել Թուրքիայի տարածքում։
Վկայակոչելով Թուրքիայի ազգային հետախուզությանը՝ CNN Turk-ը և Daily Sabah-ը հաղորդում են, թե չեչեն ընդդիմադիրների սպանությունների նախապատրաստման կասկածանքով Թուրքիայում անցած ամիս ձերբակալված ռուսաստանցիները հրահանգներ են ստացել Ադամ Դելիմխանովից, ինչպես նաև Կազբեկ Դուկուզովից, ով, ըստ արևմտյան քննիչների, մեղսակից է Եվրոպայում չորս չեչեն ընդդիմադիրների սպանությունների կազմակերպմանը: Կազբեկ Դուկուզովն որպես մեղադրյալ էր անցնում նաև Forbes-ի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Փոլ Խլեբնիկովի սպանության գործով։
Թուրքիան այս պատմության կենտրոնում է հայտնվել հոկտեմբերի սկզբին, երբ իրավապահները սպանություն կազմակերպելու կասկածանքով Անթալիայում ձերբակալել էին չորս ռուսաստանցիների՝ Աբդուլա Աբդուլաևին, Ռավշան Ահմեդովին, Բիսլան Ռասաևին ու Ասլանբեկ Աբդուլմուսլիմովին, ինչպես նաև ուկրաինացի Իգոր Եֆրիմին և Ուզբեկստանի քաղաքացի Ամիր Յուսուպովին: Նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Թուրքիայի հետախուզության տվյալներով, ձերբակալվածները պատրաստվում էին սպանել Թուրքիայում ապրող չեչեն ընդդիմադիր Աբդուլհակիմին, որը Սիրիայում կռվել էր Բաշար Ասադի ուժերի դեմ: Գործի քննությամբ զբաղվում են Ստամբուլի գլխավոր դատախազությունն ու ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը։
Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ սա Թուրքիայի տարածքում քաղաքական սպանությունների մեջ կասկածվող ռուսաստանցիների ձերբակալության առաջին դեպքը չէ: 2016 թվականին Ստամբուլում ձերբակալվել, իսկ ավելի ուշ դատապարտվել են Ռուսաստանի քաղաքացիներ Յուրի Անիսիմովն ու Ալեքսանդր Սմիռնովը։ Տեղական դատարանի դատավճռի համաձայն, նրանք մասնակցել են Չեչնիայի անկախության կողմնակից յոթ չեչենների սպանությանը։ Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ մեղադրյալները ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ էին։ Այն ժամանակ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները չափազանց լարված էին։
Այս պատմության մեջ թերևս ամենահետաքրքիրը Ադամ Դելիմխանովի անձն է։ Նա Պետդումայի պատգամավոր է արդեն շուրջ 15 տարի։ Ռուսական աղբյուրները նրան համարում են Չեչնիայի երկրորդ մարդը Ռամզան Կադիրովից հետո, իսկ Կադիրովը Դելիմխանովին բազմիցս է անվանել իր հնարավոր իրավահաջորդը։ Հետաքրքիր է նաև, որ Կադիրովի մտերիմ թիմակցի և Պետդումայի պատգամավորի դեմ այս մեղադրանքը թուրքական հետախուզությունը հրապարակել է ճիշտ այն ժամանակ, երբ թուրքական բանակը պատրաստվում է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայում, երկիր, որտեղ Մոսկվան ու Անկարան տրամագծորեն հակառակ շահեր են հետապնդում։
Դրանից առաջ էլ Մոսկվան էր դժգոհել Ուկրաինային մատակարարված թուրքական Բայրաքթարներից, որոնք Կիևը սկսեց օգտագործել Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների դեմ։
Այսօր հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանի իշխանությունները արգելել են թուրքական կիտրոնի ներկրումը, Ռոսպոտրեբնադզորը թուրքական կիտրոնի մեջ վտանգավոր նյութեր՝ պեստիցիդներ է հայտնաբերել: Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորն արգելել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։