Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմում է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար, պատասխանը դեռ չկա: 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը:
Անդրեասյանը հավաստիացրեց` կուսակցական դառնալու և իշխող կուսակցությանն անդամակցելու որոշումը եղել է իրենը, քանի որ այդպես ճիշտ է համարում: Նախկին ՄԻՊ-ի խոսքով` որևէ պարտադրանք իշխող ուժի կողմից չի եղել:
Հարցին, թե անդամակցելով կուսակցությանը կիսո՞ւմ է Արցախի 70 տոկոսից ավելի կորստի պատասխանատվությունը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց` իշխող ուժին չի համարում այդ ամենի պատասխանատուն. «Այդ պնդումը սուտ է, եթե ես հավատայի դրան, բնականաբար չէի անդամակցի: Ես գտնում եմ, որ եղել են ցավալի իրավիճակներ, և իմ թիմը, որին ես միացել եմ և ավելի եմ խորացնում իմ միացումն, արժանապատվորեն փորձում է տարիներ շարունակ կուտակված ցավը, դժվարությունը, կորուստները կրել և պատասխան տալ դրա համար: Ես էլ ուզում եմ իրենց հետ միասին պատասխան տալ նույնիսկ մեր չարածների համար»:
Բյուջեի քննարկմանն այսօր հրավիրված էին հիմնականում իրավական բլոկի գերատեսչությունների ներկայացուցիչները:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չէր ներկայացել, պատգամավորների հարցերին նրա փոխարեն պատասխանեց տեղակալը:
Տեղակալը լրագրողներին ասաց` որ Քյարամյանը զբաղված է եղել, այդ պատճառով չի ներկայացել:
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, որի ղեկավարած կառույցը վերջերս վերանվանվել է, հարցերի չպատասխանեց` նշելով, որ զբաղված է:
Առավել մանրամասն` այստեղ