Մատչելիության հղումներ

Վաղը ժամը 22-ից մինչև դեկտեմբերի 1-ը Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում կարանտին կսահմանվի


Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան, արխիվ
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան, արխիվ

Նախատեսվում է վաղը ժամը 22-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք այլ քաղաքներում կարանտին սահմանել։ Քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծերը, որոնցում նշված են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումներն ու սահմանափակումները, ներկայացվել են այսօր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Արցախի Անվտանգության խորհրդի հաղորդագրության համաձայն, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ներկայացրած տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։

Մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում առանձնակի կարևոր է պատվաստման տեսակարար կշիռը բնակչության շրջանում մեծացնելուն ուղղված քարոզչական բաղադրիչը։ Բնակչության կողմից խնդրի չափերի ու նշանակության ճիշտ ընկալման ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կատարելու են մեծ ծավալի աշխատանքներ, շեշտել է Բալասանյանը։

XS
SM
MD
LG