Մատչելիության հղումներ

Ամենամյա «Գրքի գիշերը» կանցկացվի նոյեմբերի 4-ին


Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանում գրքի շուկան մեծ աշխուժություն է ապրում։ Հրաշալի գրքեր են հրատարակվում, ընթերցողների թիվը շատացել է։ Այդ մասին է փաստում գրքերի վաճառքն անգամ համավարակի այս ժամանակաշրջանում, ունենք արդեն ավանդական դարձած Գիրք նվիրելու օր, որը դեռ տարիեր առաջ հռչակեց Գրողների միությունը։ 6 տարի առաջ էլ «Բուկինիստ» գրավաճառ ցանցը նախաձեռնեց ամենամյա «Գրքի գիշեր» ակցիան, որը նույնպես մի հավելյալ հնարավորություն դարձավ գիրք - ընթերցող կապի ամրապնդման համար։

Եվ ահա նոյեմբերի 4-ին «Բուկինիստ» գրախանութներում գրքասերներին, ընթերցողներին կրկին սպասվում է «Գրքի գիշերը» կամ, ավելի ճիշտ, անցյալ տարվանից սկսած՝ «Գրքի օր ու գիշերը», որը բացի գրքերի 30 տոկոս զեղչով վաճառքից ուղեկցվելու է, ինչպես նախորդ տարիներին, ամենատարբեր հետաքրքիր միջոցառումներով՝ ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, խաղարկություններ, մրցույթներ և այլն։

«Ազատության» հետ զրույցում «Բուկինիստ» գրավաճառ ցանցի և հրատարակչության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց. - «Անցյալ տարվանից սկսած, քովիդի պատճառով, մենք այդ «Գրքի գիշեր» վերնագիրը դարձրեցինք «Գրքի օր ու գիշեր»։ Ինչո՞ւ։ Որովհետև հերթ էր գոյանում մեր գրախանութների, հիմնականում Մաշտոցի գրախանութի դիմաց, և նման բանից խուսափելու համար, որովհետև համաճարակ է, մարդկանց կյանքը չվտանգելու և այլն, որոշեցինք ամբողջ օրն անել՝ ժամը տասից մինչև գիշերվա տասը, բոլոր գրախանութներում, բոլոր վաճառակետերում։ Որպեսզի հերթեր չգոյանան, մարդիկ հանգիստ կարողանան ձեռք բերել իրենց ցանկացած գիրքը։ Հիմնական բովանդակությունը այդ միջոցառման, հետաքրքրությունը՝ գրքերը այդ օրը վաճառում ենք համարյա ինքնարժեքով՝ երեսուն տոկոս զեղչով։ Գիշերվա տասից մինչև առավոտյան տասը օնլայն հարթակում ենք վաճառում, այսինքն՝ քսանչորս ժամ ժողովրդին հնարավորություն ենք տալիս ինքնարժեքով գիրք ձեռք բերել։ «Գրքի գիշեր» ակցիան սկսեցինք վեց տարի առաջ, և տարեցտարի աճեց, և պահանջված է ընթերցողների կողմից»։

Ուշագրավ է նաև, որ գիրքը հանրությանն առավել մերձեցնելու այս ակցիան կիրականացվի նաև մարզերում՝ «Բուկինիստի» հետ համագործակցող գրախանութներում։ Իր հերթին, «Բուկինիստ» գրավաճառ ցանցը բոլորովին վերջերս գրախանութներ է բացել Դիլիջանում և Սևանում, ծրագրում է առաջիկայում բոլոր մարզերում գրախանութներ ունենալ։

Խաչիկ Վարդանյանի խոսքով, բոլոր հրատարակիչները շատ կարևոր դեր են խաղում այսօր կիրթ, զարգացած հասարակության ձևավորման համար, բայց պետությունը նույնպես անմասն չպիտի մնա գիրքն ու ընթերցանությունը հանրության անհրաժեշտ ձեռքբերումը դարձնելու համար. - «Մեր համար շատ լավ է, որ ընթերցանության, գրքի նկատմամբ... գիրքը միայն ընթերցանություն չի։ Հրատարակիչներիս և գրավաճառներիս համար գիրքը գիտելիքի ձեռք բերման հիմնական աղբյուրներից մեկն է, մենք համարում ենք՝ ամենահիմնականը։ Եվ վերջին տարիներին՝ դեռ 15 թվականից սկսած, գրքի ինդուստրիան մի մեծ բում ունեցավ, տարեցտարի սկսեցին ավելի շատ կարդալ, գիրքը ավելի պահանջված է, որը միայն ուրախալի է, որովհետև ընթերցանությունը զարգացնում է մարդուն, գրագետ է դարձնում, մտահորիզոնն է մեծացնում, հոգեբանությունն է ավելի հղկվում։ Հայերի մոտ գրքի նկատմամբ վերաբերմունքը ի սկզբանե դարեր առաջ եղել է... գիրքը դասվել է սրբությունների շարքում։ Լեգենդներ գիտենք, որ ձեռագրերը ինչպես են փրկել... Օրինակ, Նարեկը, որը հիմա մի քսան հրատարակություն կամ ավելի կա, երեսուն կարող ա լինել, եթե օտար լեզուներովն էլ հաշվենք, մեծ պահանջարկ ունեցող գրքերից է»։

«Իհարկե, կան խնդիրներ», - շարունակեց Վարդանյանը։ - «Օրինակ, հարկային դաշտի վերաբերյալ խնդիր ունենք. գիրքը հարկվում է, ինչպես մնացած բոլոր ապրանքները։ Էն դեպքում, երբ որ քաղաքակիրթ երկրները կամ չեն հարկում, կամ 5-10 տոկոս են հարկում։ Օրինակ, ռուսները 10 տոկոս են հարկում, մենք՝ 16,67։ Ինչո՞ւ։ Ուրիշ բան. մենք արդեն վաղուց եկել ենք այն հոգեբանությանը, որ պետությունը միջոց չունի, պետությունը չպետք է միջոց տրամադրի, մեր ուժերով պետք է դա անենք։ Բայց պետք չէ փող ծախսել։ Օրինակ, եթե պետական մոտեցում լինի, ասենք, նշանաբաններ ընդամենը դնեն ամեն տարի։ Օրինակ՝ «Այս տարի գիրք ենք կարդում»։ Անում են, ռուսները, անգլիացիները, ամերիկացիները անում են, և շատ արդյունավետ։ Օրինակ, 2008 թվականին հանգուցյալ Լևոն Անանյանի առաջարկությամբ Թումանյանի ծննդյան օրը հայտարարվեց Գիրք նվիրելու օր, որը պետական աջակցություն ստացավ։ Այդ միջոցառումը սարից իջնող ձնագունդի նման հսկա ծավալ ունեցավ... Ընդամենը հայտարարություն, փող պետք չէ ծախսել դրա համար։ Կամ՝ չդիտարկել որպես բիզնես, սա հարստանալու միջոց չէ, սա մարդուն զարգացնելու, աճեցնելու համար է։ Մենք ուզում ենք լավ հասարակությունում ապրենք, կիրթ հասարակությունում ապրենք։ Ընդամենը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG