Մատչելիության հղումներ

Բյուջեի նախագծի քննարկմանը Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ներկայացված էին տեղակալների մակարդակով


Սյունիքի Փայլասար բարձունքում ոչ մի փոփոխություն չկա, իսկ Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Արամ Հակոբյանը։

«Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում։ Նախորդ օրը Սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է։ Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք», - Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հակոբյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ Փայլասարից ռուսական զորքը իջել է, և հարցին, թե ինչ պայմանավորվածություն է եղել, բացատրություն ներկայացրել են, թե ինչու են իջել, նա արձագանքեց. - «Նման իրավիճակին ես տեղյակ չեմ»։

Արամ Հակոբյան
Արամ Հակոբյան

Իսկ հարցին, թե արդյոք հիմա անվտանգ է Սյունիքի ճանապարհը, Հակոբյանը պատասխանեց. - «Այո, անվտանգ է։ Անցած օրն եմ ես եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, էնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն...»

Գորիս-Կապան ճանապարհին, սակայն, պարբերաբար միջադեպեր են գրանցվում, որոնց մասին բարձրաձայնում են հենց տեղի բնակիչները։ «Նման տեղեկություն ես չունեմ», - այս առնչությամբ ասաց ԱԱԾ պետի տեղակալը։

Արամ Հակոբյանը խորհրդարանում էր մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման մասնակցելու համար։

Ինչո՞ւ ԱԱԾ տնօրենը չէր ներկայացել, և շատ այլ հարցեր Հակոբյանը պարզապես անպատասխան թողեց։

Բյուջի քննարկմանը Ոստիկանությունը ևս ներկայացել էր փոխոստիկանապետի մակարդակով։ Արա Ֆիդանյանը նշեց, թե այդպես են նպատակահարմար համարել, և առաջին դեմքի բացակայությունը ամենևին էլ արհամարական վերաբերմունք չէ խորհրդարանի նկատմամբ. - «Կան որոշ հանգամանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել, մասնավորապես՝ դեպքերի հետ կապված»։

Արա Ֆիդանյան
Արա Ֆիդանյան

Ֆիդանյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում ոստիկանների ծանրաբեռնվածությունն ավելացել է, քանի որ վերջիններս մշտական ծառայություն են իրականացնում նաև Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածում, որը գտվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո. - «Այդ հատվածում, որտեղ որ անհրաժեշտ է ուղեկցում, միանշանակ ուղեկցում իրականացվում է։ Դա լինի Ոստիկանության, լինի Ազգային անվտանգության ծառայության ուժերով՝ այդուհանդերձ ուղեկցումներն այդտեղ իրականացվում են։ Ուղեկցումներ իրականացվում են նաև Տաթևի ճանապարհով։ Խոսքս հիմնականում այդ հատվածն էր... Գիտեք, որ տեղի ունեցան որոշակի կուտակումներ բեռնատար մեքենաների, նաև այդտեղ անվտանգության ապահովում, այդ ամբողջի կազմակերպում. բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում»։

Սահմանների երկարությունը փոխվել է, և զինուժը ողջ աշխատանքը միայնակ չի կարող անել. Անդրանիկ Քոչարյան

Վերցնել գործիքներ ու գնալ սահման. մարդկային ռեսուրսի պակասը լրացնելու այսպիսի առաջարկ էլ արդեն նիստի ընթացքում հնչեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ասաց՝ սահմանների երկարությունը փոխվել է, և զինուժը ողջ աշխատանքը միայնակ չի կարող անել. -

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

«Հասարակության ինչ-որ շերտեր՝ ուսանողներ և այլն, ասում ենք, որ մենք բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական։ Վերցնենք գործիքներ և գնանք մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որպեսզի մեր զինծառայողներն էլ կարողանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանալ»։

Խորհրդարանում էր նաև Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ով եկավ և հեռացավ հատուկ մուտքով և լրագրողների հարցերին չպատասխանեց։ Նրա զեկույցը փակ ռեժիմով քննարկվեց, ու ոչ բոլոր պատգմավորները կարողացան մասնակցել դրան։ Մի մասը մինչև հիմա չի ստացել գաղտնի նյութերին հասանելիության թույլտվությունը, որը որոշակի ստուգումներ անելուց հետո պատգամավորներին տրամադրում է Ազգային անվտանգության ծառայությունը։

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հենց այս պատճառով ստիպված եղավ հեռանալ քննարկման փակ հատվածից։

ԱԱԾ ներկայացուցիչը սակայն այս մասով բացատրություն չտվեց. - «Պատգամավոր այբ-ի և պատգամավոր ֆեն-ի մեջ ինչ տարբերություն պետք ա լինի, որ հիպոթետիկ իրավիճակ ստեղծվի, որ պատգամավոր այբ-ը չստանա այն դոպուսկը, որը ստանալու ա պատգամավոր ֆեն-ը»։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Պաշտպանական բյուջեի փակ քննարկման մասնակցած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը նիստից հետո առանց բովանդակային մանրամասներ փոխացելու, ասաց, որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները նաև փակ ձևաչափով չեն ստացել. - «Նրանց պարզաբանումները այս կամ այն հարցի շուրջ, որ հավատացեք մեզ, այս ուղղությամբ մեծ այս աշխատանքն ենք տանում, ամեն ինչ անում ենք, ջանքեր ենք գործադրում, դա վստահություն չի առաջացնում առաջին հերթին նրա համար, որ մեր առջև այս իշխանությունն է, որը երկու-երեք տարի խոսել է, բայց լրիվ հակառակն է արել, և երկրորդը, կան գործընթացներ, որոնց, թեև ոչ ամբողջությամբ, մենք տիրապետում ենք, բայց պաշտոնատար անձանց տված պարզաբանումները տրամաբանորեն հակասական են»։

Պաշտպանության նախարարությունը զեկույցի բաց հատված չուներ, թեև անցած շաբաթ հայտարարվել էր, որ կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 11 տոկոսով ավելացնել պաշտպանական բյուջեն՝ պլանավորելով ավելի քան 345 միլիարդ դրամի ծախս այս ոլորտում։ ԱԱԾ բյուջեն, ըստ նախագծի, 2021-ի համեմատ կմեծանա մոտ 23 տոկոսով՝ հասնելով գրեթե 43 միլիարդ դրամի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG