Մատչելիության հղումներ

«Այս դեպքը մեկն է տրիլիոնից». Ալեք Բոլդուինն անդրադարձել է նկարահանման հրապարակի ողբերգությանը


Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հոլիվուդյան «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո առաջին անգամ խոսել է լրատվամիջոցների հետ:

«Ժամանակ առ ժամանակ դժբախտ պատահարներ են լինում ֆիլմերի նկարահանման հրապարակներում, բայց ոչ այդպիսին: Այս դեպքը մեկն է տրիլիոնից»,- ասել է Բոլդուինը:

ԱՄՆ-ում Նյու Մեքսիկո նահանգում գեղարվեստական ֆիլմի նկարահանման ընթացքում աշխարհահռչակ կինոաստղ, ռեժիսոր և պրոդյուսեր Բոլդուինը հրազենով սպանել էր նկարահանող թիմի անդամ Հալինա Հաթչինսին և վիրավորել է ռեժիսոր Ջոել Սոուզային:

Բոլդուինը ֆիլմի այդ դրվագում, ըստ սցենարի, կրակ է արձակել, և պարզվել է, որ հրազենը լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով:

Այսօր նա կրկին իր ափսոսանքն է հայտնել կինոօպերատորի մահվան կապակցությամբ` նշելով, որ Հալինա Հաթչինսն իր ընտանիքն էր:

Այլ մեկնաբանություններ դերասանը չի տվել` հիշեցնելով, որ հետաքննություն է ընթանում, և իրեն դեռ մեղադրանք առաջադրված չէ:

Ըստ քննիչների՝ մեկ ուղիղ կրակոց է արձակվել, գնդակն անցել է Հաթչինսի իրանով, հետո դիպել ռեժիսոր Ջոել Սոուզայի ուսին: Դատախազները չեն բացառել, որ քրեական մեղադրանք կառաջադրվի, այդ թվում՝ Բոլդուինի դեմ, որը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։

XS
SM
MD
LG