Մատչելիության հղումներ

Բերդավանցիներն ասում են՝ երբեք ձեռքերը ծալած չեն նստում, թե՝ «փող չկա»


Կարծրատիպերով, անտեսված երիտասարդներով ու ակտիվության քիչ հնարավորություններով Բերդավանը փոխել էր պետք, ասում է Ադրբեջանի հետ սահմանակից գյուղի երիտասարդական կենտրոնի համակարգող Գոհար Ասլիկյանը։ Իր դպրոցական տարիներին Բերդավանում ամեն ինչ ուրիշ էր, ջահելի համար անհարմար։

Երևանում այլ վարքագիծ ու հնարավորություններ տեսնող բերդավանցին այլևս չէր ուզում հետ գալ գյուղ։ Գոհարը, սակայն, կրթությունից հետո որոշել է՝ հարազատ գյուղում շատ բան կփոխի։

«Այն ամենը, ինչ որ ես չեմ տեսել դպրոցական տարիներին մեծանալուց, մեր ամաչկոտությունը, չշփվելը, շատ զուսպ լինելը և այլն, որը խանգարել է կյանքում շատ ավելի բարձունքների հասնել, համալսարանն ավարտելուց հետո որոշեցի վերադառնամ գյուղ ու այն ամենը, ինչ որ ես չեմ տեսել, տամ այն երեխաներին, ովքեր դրա կարիքն ունեն», - ասաց Գոհար Ասլիկյանը:

Ժամանակին գյուղում երիտասարդ աղջկա համար անգամ խնդիր էր գյուղամիջի այգում նստել-հանգստանալը, ասում է 30-ամյա Գոհարն ու հիշում՝ ինքն էլ անցել է այդ արգելքների միջով։

«Էդ ժամանակ նույնիսկ գյուղամիջով ամաչելով էին անցնում աղջիկների մեծ մասը, ես էլ էդպես, բայց հետո տարիների ընթացքում նույն այգին բարեկարգելը, երիտասարդներով ծրագրեր ենք գրել, դիմել տարբեր կազմակերպությունների ու հիմա դե բոլորը վայելում են, ու ոչ ոք չի մտածում, որ վայ, աղջիկ է այգում նստած», - ընդգծեց Ասլիկյանը:

Գոհար Ասլիկյանը շեշտում է՝ երեխաներին կյանքի հմտություններ ուսանելու իրենց ծրագրերը որոշ դեպքերում ձախողվել են Տավուշի այլ գյուղերում։ Համայնքներ կան, որտեղ դեռահասության տարիքում արդեն աղջիկները հարսներ են դառնում։ Դեռ այսօր էլ այդպիսի գյուղերում արգելված են կանանց իրավունքների, հավասարության ու ակտիվ հասարակական կյանքի մասին խոսելը։

«Այդ ծրագիրն այլ համայնքներում արել ենք ու իսկապես խնդիր ենք ունեցել երեխաներ հավաքելու նույնիսկ: Անգամ մի համայնքում ուսուցչուհին ասաց՝ ես պետք է անպայման գամ, տեսնեմ՝ ինչ եք սովորեցնում, շատ հետաքրքիր է, ասացինք՝ սիրով, համեցեք, ու իսկապես եկավ ուսուցչուհին, որպեսզի հետո, բնականաբար, ծնողներին էլ փոխանցի: Իսկ Բերդավանում նման խնդիրներ չունենք, որովհետև մենք շատ բաց ենք աշխատում: Օրինակ՝ համայնք ունենք, որտեղ խնդիր է դեռահաս ամուսնությունը, օրինակ, երեխան դեռ դպրոցական՝ 15-17 տարեկան, ամուսնանում է: Այդպիսի համայնք ունենք, ու, բնականաբար, այնտեղ դժվար կլինի այդ տաբու համարվող թեմաներից խոսելը», - ներկայացրեց «Ազատության» զրուցակիցը.

Երիտասարդ բերդավանցին իր մի քանի հասակակիցների հետ գյուղում ստեղծագործական խմբակներ, քննարկումների ու ոչ ֆորմալ կրթության տարբեր հարթակներ է ստեղծել։ Ավելի քան 3000 բնակիչ ունեցող Բերդավանում այսօր անհամեմատ ակտիվ է կյանքը, քան անգամ որոշ քաղաքներում, համոզված է Գոհարը. - «Քարը քարին շատ ծրագրեր ունենք արված գյուղում, թեկուզ նույն այգին բարեկարգել, աղբահանությամբ զբաղվել, մարդկանց սովորեցնել աղբի տեղը, շատ-շատ տարբեր, էդ ամենապրիմիտիվ օրինակն էր, որ բերեցի»:

Բերդավանում երբեք ձեռքերը ծալած չեն նստում՝ «փող չկա» պատճառաբանությամբ։ Իրենք գյուղի ղեկավարին են հարկադրում աշխատել անգամ սակավ միջոցներով, վերջինս՝ իրենց, ասում է գյուղի ակտիվ բնակիչը։

«Միշտ կարող ենք ասել՝ փող չկա, հավես չկա, ինչո՞ւ ես պետք է անեմ, ինչո՞ւ ուրիշը չի անում: Փող չկա կարող ենք ասել այն դեպքում, երբ ուզում ենք, օրինակ, 100 աշխատատեղ ունեցող ինչ-որ գործարան բացել, ու ասենք՝ փող չկա, բայց ուզում ենք, բայց դա էլ այլընտրանք ունի, մենք շատ միջազգային գրանտների ենք դիմում այս պահին է ու հույսներս չենք կտրում, որ ինչ-որ մի օր դրան էլ պետք է հասնենք, որ գործարան, արտադրամաս ունենանք գյուղում: Բայց այն ամենը, ինչը վերաբերում է երեխաների կրթությանը, բնականաբար, շատ փող մեզ հարկավոր չէ», - ընդգծեց Գոհար Ասլիկյանը:

Հայաստանից դուրս տարբեր առաջատար ուսումնական կենտրոններում կրթություն ստացած Գոհար Ասլիկյանը միշտ վերադարձել է հայրենի գյուղ ու հիմա արդեն վայելում է իր աշխատանքի պտուղները։ Ասում է՝ այսօրվա երիտասարդ բերդավանցին մրցակցությանը պատրաստ է. «Իրենք ընկճվածությունը, սահմանում ապրելու վախը, միտքը, որ իրենք տարբեր են, քան այլ բնակավայրերի երեխաները, ինձ թվում է, չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG