Ռուսաստանն ու Մոլդովան, մի քանի շաբաթ տևած բանակցությունների հետո, կարողացել են հաղթահարել գազի մատակարարումների շուրջ ծագած տարաձայնությունները` Քիշնևի կողմից ռուսական վառելիքի ձեռքբերման շուրջ նոր, հնգամյա պայմանագիր կնքելով։
TACC գործակալության փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է ուրբաթ ուշ երեկոյան՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի, Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինույի և «Մոլդովագազ» ընկերության տնօրեն Վադիմ Չեբանի կողմից։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր պայմանագրով Մոլդովային մատակարարվող գազի գինը կաճի՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 500-ից 600 ամերիկյան դոլարի։ Մոլդովայի կառավարության պնդմամբ՝ հաջորդ ամիս մատակարարվող ռուսական գազի գինը չի գերազանցի 450 ամերիկյան դոլարը։
«Անգամ նման աճի պարագայում ռուսական գազի գինը մեր երկրի համար առաջիկա հինգ տարիներին շուկայականից ցածր է լինելու», - բանակցությունների ավարտին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետի խորհրդական Ալինա Մերլիչը։
Նոր գնով գազի մատակարարումները Մոլդովա կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ։