Մատչելիության հղումներ

Փարաջանովի աշխատանքների ցուցադրությունը՝ «Գրանդ հոթել Երևան»-ում


Սերգեյ Փարաջանովի թանգարանը այցելուների առաջ իր դռներն է բացել 1991-ին՝ նրա մահից մեկ տարի անց և արդեն 30 տարի թանգարանը մայրաքաղաքի ամենաշատ այցելուներ գրանցած թանգարանն է և մշակութային ամենաաշխույժ կենտրոններից մեկը։ Երեկ երեկոյան «Գրանդ հոթել Երևան»-ում մեծ հանդիսությամբ նշվեց թանգարանի հիմնադրման և գործունեության 30-ամյա հոբելյանը։ Հյուրանոցի ձմեռային այգում էլ թանգարանը ներկայացրել է Փարաջանովի աշխատանքների ժամանակավոր ցուցադրությունը։

«Ցուցահանդեսի առարկաների թիվը 30 է, պատահական չէ 30-ը ընտրված, հենց 30-ամյակի հետ է կապված: Բացառապես ցուցադրվում են ֆոնդային առարկաներ, այսինքն՝ այսօր և մեկ ամիս հանրությունը հնարավորություն կունենան ծանոթանալու Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական կարելի է ասել ողջ գունապնակին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց թանգարանի նորանշանակ տնօրեն Անահիտ Միքայելյանը:

Իսկ թե ինչո՞ւ հոբելյանական ցուցահանդեսը և միջոցառումը թանգարանում չեն կազմակերպել, ապա թանգարանի տնօրենը նշեց. «Մենք չունենք ժամանակավոր ցուցասրահ, այսինքն չունենք տարածք, որտեղ կարողանանք ժամանակավոր ցուցահանդեսներ կազմակերպել, ամբողջ խնդիրը դա էր»:

Ուշագրավ է, որ երեկվա հոբելյանական հանդիսության ժամանակ «Գրանդ Հոթել Երևան»-ում բացվեց նաև Սերգեյ Փարաջանովի անունը կրող սենյակը, որտեղ նա բնակվել է, քանի որ Երևանում տուն չի ունեցել։

Միայն 1988 թվականին պետության կողմից նրան Հրազդանի կիրճին նայող գեղատեսիլ, նորակառույց «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում երկու հողակտոր է հատկացվել տան և թանգարանի շինարարության համար, որն իր մտերիմ ընկեր և իր արվեստի նվիրյալ, անվանի լուսանկարիչ Զավեն Սարգսյանի կողմից ավարտին է հասցվել Փարաջանովի մահից հետո և դարձել մեր լավագույն թանգարաններից մեկը՝ Զավեն Սարգսյանի շուրջ 30 տարվա ղեկավարությամբ։ Ցավոք, Զավեն Սարգսյանը վախճանվեց անցյալ տարի՝ իր մեծ հետքը թողնելով թանգարանի ստեղծման և պատմության մեջ։

«Պարոն Սարգսյանը թանգարանային գործունեությունը հասցրել էր մի կետի, թանգարանը դարձրել էր համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանի: Դրան նաև օգնում էին մեր արտասահմանյան ցուցահանդեսները՝ տարբեր ձևերով: Ե՛վ հրատարակչություններով, և՛ տարաբնույթ ծրագրերով, և՛ ժամանակավոր արտասահմանյան ցուցահանդեսներ կազմակերպելով թանգարանի լուսաբանումը տեղի էր ունենում, բայց ֆոնդային գործունեությունը, այսինքն համալրման գործունեությունը կարծես թե մնում էր փակ, որովհետև չունեինք տարածք ներկայացնելու, որ տեսեք, այս 30 տարիների ընթացքում հավաքածուն որքանով է հարստացել», - ասաց Անահիտ Միքայելյանը:

Տարին հոբելյանական է Սերգեյ Փարաջանովի թանգարանի համար և ինչպես նշում է թանգարանի տնօրենը բազմաթիվ, ոչ պակաս ուշագրավ ծրագրեր ունեն մինչև տարեվերջ, իսկ թանգարանն, ինչպես միշտ, միակն է, որը հիմնադրման օրից աշխատում է տարվա բոլոր 365 օրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG