Մատչելիության հղումներ

Արցախի ստեղծագործական դպրոցներին հոկտեմբերի 28-ին կնվիրվեն երաժշտական գործիքներ


Բազմաթիվ արվեստագետներ, մշակութային, թատերահամերգային կազմակերպություններ 44-օրյա արցախյան պատերազմից հետո փորձում են այս կամ այն կերպ աջակցություն ցուցաբերել արցախցի երեխաներին՝ հաղթահարելու իրենց բաժին ընկած այս ծանր ժամանակաշրջանը։ Արցախցի երեխաների մի մասն ուսանում էր արվեստի, երաժշտական և այլ մշակութային կրթական հաստատություններում։ Պատերազմից հետո հատկապես Շուշիի երաժշտական ակադեմիայի և արվեստի դպրոցի սաները, որոնք բնակություն են հաստատաել Ստեփանակերտում, երաժշտական գործիքների կարիք ունեն։

Այս օգոստոսի 13-ին Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցավ ռուսական Moscow Classic Ensemble-ի բարեգործական համերգը` «Երեխաները ուզում են նվագել» խորագրի ներքո։ Դասական երաժշտության այս մեծ համերգի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած արցախցի երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելն էր դրամահավաքի միջոցով։

Նախաձեռնության հեղինակ, երաժշտախմբի տնօրեն Մարիա Քալաշյանի նախաձեռնությամբ ուսումնասիրվել են, թե որ դպրոցներն ինչ երաժշտական գործիքների հրատապ կարիք ունեն, որպեսզի կարողանան դրանք ձեռք բերել և աջակցել արցախցի հարյուրավոր երեխաների` շարունակելու երաժշտական կրթությունը Արցախում։

Հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա այս երաժշտախմբի արդեն աշնանային համերգը, որի ավարտին էլ Արցախի ստեղծագործական դպրոցներին կնվիրվեն անհրաժեշտ երաժշտական գործիքներ։

«Արվեստի դպրոց Շուշի ու երաժշտական դպրոց Շուշի, {այդ դպրոցների սաներն են նվեր ստանալու}: Մենք գնել էինք` ինչ որ իրենք խնդրել էին` շվի, դուդուկ, կլառնետ, քանոն…», - «Ազատությանն» ասաց Մարիա Քալաշյանը` պատմելով. «Ես ինքս Կիրովաբադից եմ, ինքս տեսել եմ` Սումգայիթում ինչ էր կատարվում, ու ես այդ ցավը հիշում եմ: Ուզում եմ այս դժվարին ժամանակներում օգնել, այդ թանկարժեք գործիքները տամ»:

Համերգից առաջ կբացվի Արցախի երաժշտական կրթական հաստատությունների սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված աշխատանքները կվաճառվեն, հասույթն էլ կտրամադրվի պատերազմից տուժած երեխաների ընտանիքներին։

Մարիա Քալաշյանն ընդգծում է, որ առաջիկայում ևս իրենք նոր նախաձեռնություններով հանդես կգան` աջակցելու արցախցի երեխաներին։ Այս անգամ էլ հոկտեմբերի 29-ին ուշագրավ նախաձեռնությամբ հանդես կգան նաև Երևանի պետական կոնսերվատորիայի սաների համար, որոնց հետ վարպետության դասեր կանցկացնի իրենց անսամբլի երկարմյա գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Կատենինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG