Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ը կոռուպցիոն չարաշահումների դեպքեր է բացահայտել գերեզմանատանը


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գերեզմանատան ղեկավարության կողմից կոռուպցիոն չարաշահումների դեպքեր բացահայտելու մասին։

Հաղորդագրության համաձայն, «գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաև գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիոն 420 հազար ՀՀ դրամ կաշառք»:

Բացի այդ, «նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780 հազար ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին»:

Փաստերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են գերեզմանատան վարիչը և հսկիչը, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանը բավարարվել է:

ԱԱԾ-ն ընդգծում է, որ միայն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար որպես պատիժ օրենսդիրը նախատեսել է ազատազրկում 7-12 տարի ժամկետով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG